ԳլխավորԼուր

Հայաստան է այցելել ՌԴ նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։

Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և ընդունել են ԿԳՄՍ նախարարության՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և տեղակալ Լուսինե Իգիթյանը:

Այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք, որի ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է, 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, ծառացած խնդիրները քննարկելու և դրանց հնարավոր լուծումները գտնելու նպատակով։

Նիկոլայ Միխայլով

Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո և քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագետի տրամադրած փորձագիտական եզրակացությամբ։

Հանդիպման ավարտին Ն․ Միխայլովի՝ որպես փորձագետ-խորհրդատուի հետ որմնանկարների վերականգնման բնագավառում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետագայում ևս օժանդակելու և աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել: