ԱրվեստԳլխավորԼուր

Երևանում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պաբլո Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Վերջինիս օգնությամբ Դալին մեկնել է ԱՄՆ, ինչը որոշիչ դեր է ունեցել նրա ստեղծագործական նվաճումների համար:

Անկախ այն հանգամանքից, որ Պիկասոն Դալիի համար իդեալ էր, վերջինիս փառասիրությունը խոչընդոտել է նրանց հնարավոր մտերմությանը: Դալիի էքսցենտրիկ պահվածքն ու մեծամտությունը հանգեցրել են Պիկասոյին մշտապես գերազանցելու մոլուցքին: 20-րդ դարի կերպարվեստի խորհրդանիշներ դարձած երկու նշանավոր վարպետները ամբողջ կյանքում, մշտապես շինծու և ցուցադրական «հակակրանք» դրսևորելով միմյանց նկատմամբ, իրականում գնահատել և արժևորել են մեկը մյուսի արվեստը: Հետագայում Պիկասոն կասի, որ հավանում էր Դալիի արվեստը, սակայն չէր ուզում նրան հանդիպել, որպեսզի այդ հանդիպման շնորհիվ նրա անվան շուրջ մեծ աղմուկ չբարձրանա:

Ցուցահանդեսում համադրելով երկու նկարիչների ստեղծագործությունները՝ արվեստասերին բացառիկ հնարավորություն է տրվում տեղափոխվելու նրանց երևակայական աշխարհը:

Ցուցադրվում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Հանրության համար ցուցահանդեսը բաց կլինի մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը։

Տոմսի արժեքը մեծահասակների համար` 3000 դրամ,
ուսանողների եւ թոշակառուների համար` 1000 դրամ,
դպրոցականների համար` 600 դրամ։

Մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների և սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց համար մուտքն անվճար է:

Comment here