Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Գունկոն քվեարկության արդյունքում հավաքել է 86 միավոր։
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Երրորդ տեղում «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանն է`24 միավոր։
Տեղեկացնենք, որ հունիսի 2-ին Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» Եվգենի Ցիմբալյուկի գոլի շնորհիվ մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Փյունիկին» ու նվաճեց ՀՊԼ–ի չեմպիոնի կոչումը։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն էլ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստը հավաքել է 63 միավոր։
48 միավորով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ նշվելու շնորհիվ: