ԳլխավորԼուր

Beeline-ի աշխատակիցները թափուր աշխատատեղեր են ներկայացրել Հյուսիսային համալսարանի ուսանողներին

Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոնը  շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները գործատուների հետ՝ բուհի ուսանողների համար պարբերաբար կազմակերպելով հանդիպումներ մասնագիտական կողմնորոշման նպատակով, տեղեկացնում են բուհից։

«Այս անգամ աշխատանքային ամենատարբեր առաջարկներով ուսանողների հետ փետրվարի 16-ին հանդիպման էին Beeline ընկերության շատ սիրալիր ու պատրաստակամ աշխատակիցները: Ներկա էին գրեթե բոլոր մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողներ, քանի որ աշխատանքի առաջարկները վերաբերում էին տարբեր ոլորտների մասնագետների:

Իսկ առաջարկները ոչ միայն շահավետ էին ու ապագային միտված, այլև համապատասխանեցված ուսանողների կարգավիճակին, ինչը ենթադրում է առավել ազատ՝ «լողացող» գրաֆիկ, վճարովի փորձաշրջան, որի ընթացքում Beeline ընկերության մասնագետները կկցվեն ուսանողին՝ իրենց հմտություններն ու գիտելիքները փոխանցելու նպատակով: Գիշերային աշխատանքի դեպքում ընկերությունը կհոգա փորձաշրջանն անցնող ուսանողի տրանսպորտային ծախսերը:

«Այն, որ Beeline ընկերությունը հնարավորություն է ընձեռում մասնագետին աճելու և վեր բարձրանալու կարիերայի աստիճաններով, միանշանակ է: Այստեղ գտնվողներս ասվածի վառ օրինակ ենք»,-նշեց ընկերության աշխատակցուհին:

Ավարտին կարիերայի կենտրոնի և «Բիլայն» ընկերության միջև վերակնքվեց համագործակցության պայմանագիրը:

Հարգելի ուսանողներ, ձեր ինքնակենսագրականները(CV) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hrm@telecomarmenia.am »,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: