ԳլխավորԼուր

«100 գաղափար Հայաստանի համար». հայտնի են հաղթողները

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին և նշել, որ մրցույթը տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում, և նոր խմբեր ու անհատներ են մասնակցում:

Փոխնախարարը նշել է, որ մրցույթը հանդիսանում է նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի բաղադրիչ. 2 տարվա պարբերականությամբ լավագույն գաղափարներն ուղարկվում են ԱՊՀ կազմկոմիտե՝ դիտարկելու եզրափակիչ փուլի համար: Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս տարվա հայտերը ևս կգրանցեն լավագույն արդյունք:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում, որոնց շրջանակում ներկայացվել է 54 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միջոցառմանը ներկա պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու մրցութային շեմը չհաղթահարած, սակայն հետաքրքիր և նորարար գաղափարներին աջակցելու հնարավորությունը, որը ևս ուղղված է երիտասարդների նորարար գաղափարների բացահայտմանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգում հաղթող գաղափարներն են՝

1. Ռազմական գիտություններ՝ Նվեր Հովհաննիսյան, «Խուսափում ականապատ տարածքներից».

2. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Դավիթ Մարտիրյան, Հազարավարդ Ղումարյան, «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի թանգարանի և փորձարարական սրահի արդիականացում».

3. Գյուղատնտեսական գիտություններ՝ Դիանա Ղևոնդյան, Սոնա Նիկոլյան և Սոնա Հովհաննիսյան, «Ծանր մետաղներով աղտոտված հողերի կենսավերականգնումը մանրէների միջոցով».

4. Գյուղատնտեսական գիտություններ՝ Տաթևիկ Ջհանգիրյան, «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ».

5. Տեղեկատվական տեխնոլոգիաններ՝ Կիմա Առաքելյան, «Զլինկ»: