ԳլխավորԼուր

Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակությամբ. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկի

Լեհաստանի հետ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի հետ կայացած հանդիպման ժամանակ, հայտնում են նախարարությունից։

«Լեհաստանի հետ արդեն իսկ ունենք համագործակցության թե՛ հաջողված փորձ, թե՛ մեծ պոտենցիալ: Մասնավորապես՝ համագործակցության մեծ հեռանկարներ կան բարձրագույն կրթության ոլորտում, հատկապես հետաքրքիր է բարձրագույն կրթության կառավարման ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով քննարկել Լեհաստանի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական կենտրոն ստեղծելու հնարավորությունը, որը թույլ կտա նաև զարգացնել միջբուհական համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել նաև Լեհաստանում հայ մշակույթի օրերի և Հայաստանում Լեհաստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը, սպորտի ոլորտում՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկություն ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունը: Նախարարն ընդգծել է՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը՝ երիտասարդության մասին օրենսդրության մշակման և մարզաբնակ երիտասարդների համար զարգացման հնարավորությունների ընդլայնման հարցերում լեհական փորձի ուսումնասիրման առումով:

Ոլորտային համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում 2023-2027 թվականների» գործնական ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որը նոր հնարավորություններ կընձեռի համատեղ միջոցառումների իրականացման համար: Կողմերը կարևորել են հատկապես այն հանգամանքը, որ գործնական ծրագիրը ներառելու է նաև համալսարանական կրթաթոշակային փոխանակման ծրագիր իրականացնելու հնարավորություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը

ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սկվեչինսկին հույս է հայտնել համագործակցության զարգացման առնչությամբ.

«Հետաքրքրված ենք հատկապես ուսանողների փոխանակության, Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման և երկու երկրներում մշակութային օրերի անցկացման հնարավորությամբ: Ուրախ կլինենք մեր երկրում ընդունել հայ երիտասարդներին՝ կրթական տարբեր մակարդակներում ուսանելու նպատակով: Առհասարակ, Լեհաստանում հայկական մեծ համայնք է գործում, որը պատմականորեն նշանակալի դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում»,- ասել է դեսպան Սկվեչինսկին:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերում լեհերենի ուսուցմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի: