ԳլխավորԼուր

Կուրսանտ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման. News.am

Դատական նիստ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ ապրիլի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց հրապարակեց դատավճիռը, հայտնում է News.am-ը:

Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ  պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։

Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն դատարանն արդարացրել է։