ԳլխավորԼուր

Սպանություն Երևանի կենտրոնում՝ ծաղկի վաճառակետի դիմաց. լուսանկարներ

2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխել է տղամարդու դիակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նույն օրը 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: