Հարվարդը Թրամփի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը սպառնացել է կրճատել համալսարանի ֆինանսավորումը ևս 1 միլիարդ դոլարով, հայտնում է cbs12-ը։
Համալսարանը անօրինական է համարում Սպիտակ տան փորձը՝ զրկելու համալսարանին դաշնային դրամաշնորհից։
Համալսարանը հայցով խնդրում է թույլ չտալ, որ պետական ֆինանսավորման սառեցման որոշումն ուժի մեջ մտնի։ Համալսարանը այդ որոշումը անվանում է «անօրինական, կառավարության լիազորություններից դուրս», և Թրամփի վարչակազմին մեղադրում է Սահմանադրության առաջին ուղղումը, դաշնային օրենքները խախտելու մեջ։ Նաև զգուշացնում է, որ պետական ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների և նոր դեղամիջոցների մշակման վրա։
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորման դադարեցման մասին` մեղադրելով համալսարանին քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու մեջ:
Սպիտակ տունն ավելի վաղ ամերիկյան համալսարաններից պահանջել էր ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանությունը՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը: Դրանց թվում է Կոլումբիայի համալսարանը, որն արդեն կորցրել է 400 միլիոն դոլար:
Սկսվել է նաեւ օտարերկրյա ուսանողների ուսումնական վիզաների չեղարկման ու նրանց արտաքսման գործընթաց։
Ամերիկյան բուհերում հակաիսրայելական ակցիաները սկսվել էին Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով, երբ Իսրայելը ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը՝ սկսեց ռմբակոծել Գազայի հատվածն ու տեղահանել բնակչությանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews