ԳլխավորԼուր

Համար 1 ավտոբուսային նոր երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին

Գերմանական ՄԱՆ ավտոբուսներ

Երևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը ապրիլի 15-ին դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երթուղի — Չաուշի հրապարակից Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով, ուղեգիծը կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղով ու Աթենքի փողոցով դեպի «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով կբարձրանա դեպի Սարալանջ ու Ազատության պողոտա, Պ.Սևակի, Կ.Ուլնեցու, Է. Հասրաթյան, Զ. Քանաքեռցու փողոցներ, Թբիլիսյան խճուղով կհասնի մինչև Հյուսիսային ավտոկայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

12 մետրանոց նոր ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր, հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, աշխատում են սեղմված բնական գազով, ինչը հատկապես կարևոր է բնապահպանական ու «կանաչ քաղաք» գաղափարի իրագործման առումով:

14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 ավտոբուսային երթուղին: 8.6 մետրանոց՝ ավելի քան 60 ուղևոր փոխադրելու հնարավորությամբ ավտոբուսներն էապես կբարելավեն ուղեգծի աշխատանքը, կկրճատեն քաղաքացիների սպասելու ժամանակը:

Նոր ուղեգիծն սկսում է Էրեբունու զանգվածից, ապա Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան, Այվազովսկու, էրեբունու, Աթոյան, Բելինսկու և Ս.Դավթի փողոցներով դուրս է գալիս Տ.Մեծի պողոտա, Հանրապետության հրապարկ, Ամիրյան փողոց, Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաներով կշարժվի Կասյան փողոց, Կոմիտասի, Ազատության պողոտաներ, որից հետո ուղեգիծը կշարունակվի Պ.Սևակի, Ռուբինյանց, Խուդյակովի, Ն.Սաֆարյան, Մարշալ Բաբաջանյան, Աշխաբադի փողոցներով դեպի Ավան-Առինջի վերջնականգառ: Հետադարձը՝ նույն ուղեգծով է: