ԳլխավորԼուր

«Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարվում է

«Կրթություն» թերթ

«Կրթություն» թերթի խմբագրությունը կլուծարվի, որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Նշվում է, որ ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ:

«Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում»,- ասվում է կառավարության հիմնավորման մեջ։

Չնայած շահույթ հետապնդող կազմակերպության իր կարգավիճակին՝  թերթի բյուջեի 10%-ը ձևավորվում է պետական բյուջեի հատկացումներից` պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար:

««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 21-ը նոյեմբերի 1997 թվականի թիվ 45/13 որոշմամբ թիվ 736 վկայական ստացած «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրությունը ««Կրթություն» թերթի խմբագրություն»  ՊՓԲԸ վերակազմակերպելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության 29.12.2000 թ. Թիվ 428-Մ հրամանով:

Ընկերության կանոնադրական կապիտալում, որպես սեփական կապիտալ ներառված չի անշարժ գույք, ինչպես նաև հիմնադրի կողմից  անհատույց գտագործման իրավունքով գույք չի ամրացվել: Այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել ԿԶՆԱԿ-ի շենքում:

Ինչ վերաբերում է ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթների իրականացմանը, ապա հարկ է նշել, որ իր գործառույթներից մեծ մասն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ համապատասխան կայքում հրապարակելով կրթության ոլորտի նորությունները»: