ԳլխավորԼուր

Արշավ «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը:

Արշավը նվիրված է Հայաստանում «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, և այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց:

Արշավը կիրականացվի 2022 թ․ մայիսից նոյեմբեր՝ ներառելով մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ, որոնց թվում՝

• ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ մրցույթներ՝ «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն մատակարար» և «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն թանգարանային ծրագիր» թեմաներով,

• ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի և ոլորտում կրթական գործունեություն իրականացնող ՀԿ-ների հետ հանրային քննարկումներ,

• էսսեների և պաստառների մրցույթներ, քննարկումներ, փոդքասթեր, ֆեյսբուքյան մարտահրավերներ, այլևայլ միջոցառումներ,

• միջոցառումներ՝ տարբեր կառույցների հետ համագործակցությամբ,

• «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի»՝ մեծահասակների ուսումնառության և կրթության մարզային կենտրոնների միջոցառումներ, վարպետության դասեր, հաջողության պատմություններ։

Արշավը նոյեմբերին կամփոփվի հանդիսավոր գալա միջոցառմամբ, որի ընթացքում կհայտարարվեն մրցույթների հաղթողները:

«Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում բացվել է 2002 թ․։ 20 տարվա գործունեության ընթացքում հայաստանյան գրասենյակն աշխատել է ՀՀ-ում «Լրացուցիչ և շարունակական կրթության» և «Մեծահասակների ուսումնառության ու կրթության» զարգացմամբ: