ԳլխավորԼուր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արևային էլեմենտներ են ստեղծում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիան

Աշխարհում այլընտրանքային  էներգիայի աղբյուրների փնտրտուքները գիտնականներին կրկին դեպի բնություն են տանում ՝ արև, քամի, ջուր։ Նրանք փնտրում են կանաչ հոսանք ստանալու բոլոր հնարավոր տարբերակները։

էներգետիկ ռազմավարությամբ Հայաստանում 2030 թ.-ին արդեն էներգիայի հզորության մինչև 15%-ը պետք է արտադրեն արևային կայանները։ Այսօր էլեկտրաէներգիայի 9%-ը արտադրվում է արևային կայանների միջոցով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում արևային պանելների հիմնական բաղադրիչ համարվող արևային էլեմենտների ստեղծմամբ են զբաղվում։

Արման Վարդանյանը գիտական խմբի ղեկավարն է, էլեկտրոնիկայի, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոի դոցենտ։ Պատմում է՝ այստեղ հիմնական բաղադրիչը սիլիցիումն է։ Նյութ, որը երկրակեղևի ¼-ն  է կազմում։ Բայց մինչև այն դառնա անհրաժեշտ հումք, անցնում է երկարատև մշակման փուլ.

«Անցնում է մաքրման, զտման բավականին թանկ գործընթաց։ Արդյունքում ստացվում են ձուլակտորներ, որոնք հղկվում են, կտրվում են ու լրացուցիչ գործընթացներ անցնելուց հետո ստացվում է տրադիցիոն հարթակ՝ արևային էլեմենտ։ Տարեցտարի նման էլեմենտների ինքնարժեքը նվազում է, բայց ատոմային էներգիայի հետ համեմատած այս տեխնոլոգիաներով ստացող էներգիայի գինը դեռևս 1․5-2 անգամ թանկ է։ Ուստի պետք է այնպես անել, որ ավելի փոքր մակերեսի էլեմենտներ օգտագործվեն ու լինի ավելի բարձր ՕԳԳ։ Կիրառել ենք հետևյալ նորամուծությունը․ փոքր մակերեսով այսպիսի աղյուսներ ենք կտրտել, որոնք ունակ են լույսը ընկալել երկու կողմից՝ բարձրացնելով ՕԳԳ-ն։ Կիրառում ենք նաև այլ տեխնոլոգաներ՝ ֆրենելի ոսպնյակով, որը ֆոկուսացնում է ցրված լույսը, ընկնում է ուղիղ այս էլեմենտի վրա։ ՕԳԳ-ն նաև այսպես է բարձրանում»։

Գիտության աշխարհում հնարավոր է ստանալ գրեթե ամեն ինչ․ միայն թե այստեղ հաշվարկներ են, տարիների համառ ու թիմային աշխատանք։ Այս դեպքում արդյունքը սեղանին դրված մինի փորձանմուշն է.

«Մեր ձեռքով լույսի արհեստական իմիտատոր ենք պատրաստել, որով կարողանում ենք արևային էլեմենտների տարբեր պարամետրերն ունենալ՝ լույսի միջոցով»,- ասում է Արման Վարդանյանը։

Արման Վարդանյան, Ռաֆայել Թովմասյան
Արման Վարդանյան, Ռաֆայել Թովմասյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիան զինված է կարևոր չափիչ ու անհրաժեշտ տարբեր այլ սարքավորումներով։ Ասել, որ առաջինն են ստեղծել, իրական չէ, բայց ամեն նոր ստեղծվող գիտական արդյունք իր մեջ անպայման առանձնահատկություններ ունի․ գիտական մրցավազքում նորությունն ու նորարարություններն են, որոնք առաջ են տանում գիտական միտքը։

Հայաստանում մի մեծ բաց կա՝ մասնագետները նկատում են․ գիտական առաջարկների մեծ մասը մնում է հենց գիտության մեջ։ Արդյունքում՝ հասարակության լայն շերտերի մեծ մասը տեղյակ էլ չի լինում, թե ինչ է կատարվում գիտության մեջ ու ինչ են առաջարկում հայ գիտնականները։

Այս դեպքում կա՞ արդյոք հնարավորություն գիտական այս առաջարկը ներդնել տնտեսության մեջ։ Էլեկտրոնիկայի, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ Արման Վարդանյանը կարծում է՝ կա։ «Միանշանակ այո, հեռահար նպատակը հենց դա է»։

Հայաստանում այլընտրանքային էներգետիկան, մասնավորապես արևային էներգիան զարգանում է։ Էներգետիկների ու ոլորտի այլ մասնագետների մեջ վեճ կա՝ հնարավո՞ր է, որ կանաչ էներգիան այնքան զարգանա, որ մի օր այն փոխարինի ատոմային էներգետիկային ։

«Որպես կանաչ էներգիայի ամենամեծ մաս՝ աշխարհը գնում է դրան։ Մենք բնության հետ կապված խնդիր չենք առաջացնում»։

Բնապահպանների մեծ մասը մտահոգություններ ունի։ Ի՞նչ է լինելու 20-25 տարի հետո, որտե՞ղ են կուտակվելու արևային պանելների թափոնները։ Գիտական միտքը ուղիներ փնտրում է։ Այս խմբում էլ հաշվարկել են՝ ամեն տարի ՕԳԳ-ն նվազում է մեկ տոկոսով, 20 տարի հետո այն զրոյանալու է։ Բայց մասնագետները պնդում են, որ  կիրառությունից դուրս եկած արևային պանելներում ռադիացիոն տարր չկա, վտանգավոր չեն, քանի որ իրենք կիրառում են սիլիցիումի մնացորդները։ Միկրոէլեկտրոնիկայի ու կենսաբժշկական սարքերի ամբիոնի ասպիրանտ է Ռաֆայել Թովմասյանը ներառված է գիտական խմբում․

Արեւային էլեմենտ արեւային պանելի համար
Արևային էլեմենտ արևային պանելի համար

«Հետագայում արևային էլեմենտները հնարավոր է վերամշակել։ Միայն պետք է տրամաբանություն մտցնել, այսինքն վերամշակել՝ այլ նպատակներով օգտագործելու համար։ Մեր արևային էլեմենտը սիլիցումի թերի արտադրությունից մնացածով ենք  ստեղծում»։

Մինչ որևէ արդյունքի հասնելը` գիտնականները տարբեր խնդիրների հետ են բախվում։ Այս խումբն էլ բացառություն չէ, միայն թե դրանց մի մասի դեպքում իրենք էլ հենց գիտական լուծումներ են առաջարկում։

Որտեղի՞ց գտնել համապատասխան հումք՝ արտադրական ծավալների հասցնելու համար։

Ծրագիրն իրականացվում է գիտության կոմիտեի տրամադրած երկամյա  դրամաշնորհով։ Այստեղ կարևորում են հատկապես այն, որ գիտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդները։ Որքան ավելի վաղ նրանք սկսեն հետազոտական աշխատանքները, այնքան ավելի սերտ կկապվեն գիտության հետ։