ԳլխավորԼուր

Երեխային ծեծող ու նվաստացնող կինը հայտնաբերվել է. նա ոստիկանությունում է

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, հայտնում են ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:

Ոստիկանությունը հորդորում է տեսանյութը չտարածել:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից էլ հայտնում են, որ երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։