ԳլխավորԼուրԽճանկար

Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է

Դաունի համախտանիշ

Այս օրը նշվում է Դաունի համախտանիշի մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կեցության հատուկ պայմաններ ունեցող անձանց օգնելու և մարդասիրական մի շարք այլ նպատակներով, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Օրը պատահական չէ ընտրվել` երրորդ ամսվա քսանմեկերորդ օրը, քանի որ Դաունի համախտանիշը կապված է 21-րդ քրոմոսոմի 3-րդ տրիսոմիայով (տրիսոմիա 21)։

Վիճակագրական տվյալներով՝ 700–800 նորածիններից 1-ը ծնվում է Դաունի համախտանիշով (ամեն տարի՝ 3000- 5000 երեխա)։

Տարբեր երկրներում հանդիպելիության հարաբերակցությունը նմանատիպ է և կախված չէ սննդից, կրթության մակարդակից, ազգությունից և ծնողների կենսակերպից. մոր տարիքի (35 և ավելի) հետ մեկտեղ մեծանում է Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու ռիսկը։

Մեր երկրում իրականացվում են մի շարք սքրինինգային ծրագրեր, որոնց նպատակն է հիվանդությունների և/կամ համախտանիշների վաղ ախտորոշումը, հնարավորության դեպքում բուժումը և բարդությունների կանխարգելումը։

Պետական պատվերի շրջանակում հղիության 11-14 շաբաթական ժամկետում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում, պտղի զարգացման արատների առումով ռիսկի խմբի (մեծահասակ հղիներ` 35 տարեկան և ավելի, ընտանիքում զարգացման բնածին արատ ունեցողներ) հղիների մոտ պտղի զարգացման արատների, հատկապես Դաունի համախտանիշի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվում է նաև կենսաքիմիական սքրինինգ՝ մարդկային խորիոնային գոնադոտրոպինի և PAPP-A որոշում։

Այժմ պիլոտային ծրագրի շրջանակներում Շիրակի և Տավուշի մարզերում իրականացվում է պրենատալ անվճար սքրինինգ (էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն և կենսաքիմիական սքրինինգ) բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոնների առկայությունից:

Առավել ստույգ ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ հետազոտություն՝ կարիոտիպի որոշում: Այս հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն Դաունի համախտանիշի առկայությունը, այլև` որոշել տրիսոմիա-21-ի տեսակը։

Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին ունակ են սովորելու, շատերը կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության լիարժեք հանդուրժողականության և աջակցության շնորհիվ:

Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար, պետական պատվերի շրջանակներում։

2019 թվականի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է Դաունի համախտանիշով՝ հաշմանդամություն ունեցող 167 երեխա՝ 102 տղա և 65 աղջիկ։

Դաունի համախտանիշ. միֆեր եւ իրականություն

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է մեծ տարիքով ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն: Միևնույն ժամանակ, ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի բարենպաստ վերաբերմունքը մեծապես նպաստում են հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews