ԳլխավորԼուր

10.000-100.000 դրամ կաշառքներ՝ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում. 22 անձի մեղադրանք է ներկայացվել

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից  դասախոսներին  կաշառք տալու, ինչպես նաև՝  կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000- ական ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, 2 գործավարներին՝ կաշառքի միջնորդության, իսկ 9 ուսանողի և ծնողի՝ կաշառք տալու  հոդվածներով։

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ: