Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Անգլիան մրցեց Դանիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին Անգլիան տիրում էր նախաձեռնությանը: Դանիան գրագետ պաշտպանվում էր և շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, որոնք շատ վտանգավոր էին: Դանիան օգտագործեց իր հնարավորությունը 30-րդ րոպեին, երբ ստանդարտ դիրքից Անգլիայի դարպասը գրավեց Դամսգորդը: Բաց թողած գնդակից հետո Անգլիան նետվեց հետ բերելու կորցրածը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: Ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիայի ավագը` Կյաերը: Դինամիկ առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի:
Երկրորդ կեսում նույնպես գերիշխող դիրք ուներ Անգլիան, սակայն Դանիան անթերի էր գործում պաշտպանությունում, և հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 104-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ իրացրեց Հարի Քեյնը:
Անգլիա-Դանիա` 2:1:
Եզրափակիչում Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ:
Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։