Մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։
Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երևանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել է նաև 1984-1985-ին:
Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա խաղացողի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին դարձել էր 99 տարեկան։
Հայտնի է, որ «Սպարտակի» լավագույն ռմբարկուին իր հովանավորած ռազմական օդաչուների ֆուտբոլային թիմ է փորձել տանել Ստալինի որդին՝ Վասիլի Ստալինը՝ Սիմոնյանին խոստանալով բնակարան Մոսկվայում ու ավտոմեքենա, սակայն Սիմոնյանը հանդիպման ժամանակ ասել է. «Ես «Սպարտակում» կայացել եմ որպես ֆուտբոլիստ թիմակիցներիս ու մարզիչներիս շնորհիվ։ Խնդրում եմ թույլ տալ մնալ այնտեղ»։ Վասիլի Ստալինը հայտարարել է, որ գնահատում է այդպիսի պատասխանն ու հայտնել, որ Սիմոնյանը ցանկացած ժամանակ կարող է իրեն դիմել ցանկացած հարցով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





