ԳլխավորԼուր

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողները

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:

Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):

Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել են մրցույթի գալահամերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը

Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Ջուլհակյանը, երկրորդ հորիզոնականը՝ Վիլյամ Չիլինգարյանը, երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը: Խրախուսական պատվոգրի արժանացել է մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը:

Ավագ խմբում հաղթող է ճանաչվել Էդգար Մխիթարյանը: Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները կիսվել է երկու մասնակիցների միջև. երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Գայանե Մխչյանը և Վիկտորյա Ուլիխանյանը, երրորդ հորիզոնականը՝ Սյուզաննա Աղամալյանը և Արեն Աբգարյանը:

Նշենք, որ բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողներն այս ամենից զատ՝ ստացել են նաև դրամական պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Մայիսի 11-15-ն անցկացված մրցույթին մասնակցել են 16 հայազգի պատանի կոմպոզիտորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից ու Վրաստանից:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը