ԳլխավորԼուր

Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։

Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։

Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում է 4 տարվա կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 ԱՄՆ դոլար) Հարավային Թենեսսի համալսարանում սովորելու նպատակով։

Մրցույթին մասնակցել են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկրներից։

Մրցույթի ժյուրիի կազմում էին Քրիստիան Տկաչևսկին (Լեհաստան, ԱՄՆ), Վովկա Աշքենազին (Իսլանդիա, ՌԴ), Ռիցո Չանգը (Հոնգ Կոնգ), Միխայիլ Բերկովսկին (Կանադա), Բեն Շոեմանը (Հարավային Աֆրիկա), Քիմբեռլի Չեն Աֆանասովան (Թայվան), Կանժի Կոզուտան (Ճապոնիա), Արմեն Բաբախանյանը (Հայաստան)։

Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Comment here