ԳլխավորԼուր

Հայ պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) զբաղեցրել են 4-րդ տեղը

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Կարեն Ալեքսանյանը, Ռոբերտ Սիմոնյանն ու Դավիթ Գյուլամիրյանը (խմբի ղեկավար՝ Գրիգոր Աղաբաբյան) 2021 թ. մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առցանց մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ISEF Regeneron փառատոնին` ներկայացնելով «Արհեստական քիթ» («Նեյրոցանցերի միջոցով հոտերի և գազերի տարբերակումը», Differentiation of Scents and Gases Using Neural Network) հետազոտական նախագիծը, տեղեկացնումո են ԿԳՄՍ նախարարությունից։

Մայիսի 21-ին ամփոփվել են փառատոնի արդյունքները, և հայ պատանիները «Ներկառուցված համակարգեր» անվանակարգում գրավել են 4-րդ հորիզոնականը։ Փառատոնին ներկայացված նախագծերը 35-ն էին:

Հիշեցնենք, որ ISEF Regeneron փառատոնին մասնակցելու հնարավորություն էին ստացել 2021 թ. ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում առավելագույն միավոր ստացած 2 հետազոտական խմբերը՝ «Քվանտ» վարժարանի և 118 ավագ դպրոցի «պատանի գիտնականները»:

ISEF Regeneron փառատոնին 118 ավագ դպրոցի աշակերտներ Աննա Թորոսյանը, Անի Գեղամյանը և Աննա Ղազարյանը ևս հաջողությամբ ներկայացրել են իրենց «Շաքարային դիաբետը և ալկոհոլը» հետազոտական նախագիծը:

Տեղեկացնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը Միջազգային գիտատեխնիկական փառատոնին անդամակցում է 2019 թվականից, սակայն 2020 թ. կորոնավիրուսային հիվանդության սահմանափակումների պատճառով Հայաստանում անհնար է դարձել փառատոնի իրականացումը: Այսպիսով, սա հայ աշակերտների առաջին մասնակցությունն է 100 տարվա պատմություն ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին:

Մրցանակաբաշխության տեսագրությունը այստեղ։

Comment here