ԳլխավորՄի կտոր գիրք

Օնորե դը Բալզակ. «Երեսնամյա կինը» (հատվածներ)

Օնորե դը Բալզակ

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի (20.05.1799-18.08.1850) «Երեսնամյա կինը» վեպից։

***

Դեռատի աղջիկները հաճախ իրենց համար ազնիվ, հրապուրիչ պատկերներ են ստեղծում, ամբողջապես իդելական պատկերներ, հնարում ցնորական գաղափարներ՝ տղամարդկանց, զգացմունքների, հասարակության մասին, հետո, նրանք անմեղորեն մի որևէ նկարագիր օժտում են այն կատարելություններով, որ իրենք երազել են և վստահում են նրան. իրենց ընտրած տղամարդու մեջ նրանք սիրում են այդ երևակայական արարածին: Բայց, հետագայում, երբ արդեն ուշ է լինում դժբախտությունից խույս տալը, այդ խաբուսիկ երևույթը, որ նրանք գեղազարդել էին, իրենց առաջին այդ կուռքը, վերջապես վերափոխվում է սոսկալի մի կմախքի…

***

Ես մշտապես նկատել եմ, որ զավակներն անձնական մի զգացումի, եսասիրության են վերագրում այն զոհաբերությունները, որ կատարում են իրենց ծնողները:

***

Իրոք, դեռատի աղջիկը շատ պատրանքներ ունի, նա այնքան անփորձ է, ու նրա սիրո մեջ մեծ դեր է կատարում բնազդը, և դրա համար նրա վրա հաղթանակ տանելու միտքը դժվար թե շոյի երիտասարդին: Իսկ կինը ահագին զոհաբերությնունների է գնում մտածված կերպով: Առաջինը տարվում է հետաքրքրասիրությամբ, սիրույն խորթ հրապուրանքներով, մյուսը` գիտակցաբար ենթարկվում է զգացմունքներին: Մեկը ենթարկվում է, մյուսը` ընտրություն անում: Այդ ընտրությունը ինքնին անհունորեն շոյիչ է: Կյանքի ճանաչողությամբ զինված` կինը, որի համար գրեթե միշտ նա թանկ է վճարում իր դժբախտություններով, տրվելով կարծես ավելին է տալիս, քան ինքն է, մինչդեռ դեռատի աղջիկը` անփորձ ու դյուրահավատ, ոչինչ չիմանալով, չի կարող ոչինչ համեմատել, ոչինչ գնահատել, նա ընդունում է սերը և ուսումնասիրում այն:

Կինը մեզ ուսուցանում է, խորհուրդներ տալիս այն տարիքում, երբ մարդը դեմ է, որ իրեն ղեկավարեն, երբ հաճելի է հնազանդվել, աղջիկն ուզում է ամեն ինչ ճանաչել և միամիտ է այն բանում, որում կինը քնքուշ է: Առաջինը ձեզ միայն հաղթանակ է պարգևում, մյուսը ձեզ հարկադրում է մշտնջենական պայքար մղել: Առաջինը միայն լալիս է և սփոփանքներ փնտրում, երկրորդը` հեշտասիրություն ու խղճի խայթեր ունի: Եթե դեռատի աղջիկը սիրուհի է դառնում, նշանակում է, որ նա չափազանց փչացած է և նրան այն ժամանակ գարշանքով կլքեն: Մինչդեռ կինը հազարավոր միջոցներ ունի պահելու միաժամանակ թե իր իշխանությունը, և թե իր արժանապատվությունը: Մեկը խիստ հնազանդ է և նրա հարատևությունը տաղտկացնում է ձեզ, մյուսը խիստ շատ է կորցնում, որպեսզի իր սիրուց չպահանջի նրա բոլոր այլափոխությունները. մեկը պատվազրկում է միայն իրեն, մյուսը հանուն ձեզ կործանում է ամբողջ ընտանիքը:

Դեռատի աղջկա պչրանքը միօրինակ է և ենթադրում է, որ ամեն ինչ ասված է, երբ հանում է շորերը. բայց կինը ունի հազարավոր պչրանքներ և ծածկվում է հազարավոր քողերի տակ. վերջապես նա շոյում է բոլոր սնափառությունները, իսկ աղջիկը` միայն մեկը: Անվճռականություններ, սարսափներ, երկյուղներ, հուզումներ և փոթորիկներ են խռովում երեսնամյա կնոջը, մի բան, որ չի կարելի հանդիպել աղջկա սիրո մեջ: Հասնելով այդ տարիքին, կինը պահանջում է, որ տղամարդը նրա նկատմամբ հարգանք տածի, դրանով հատուցելով այն, ինչ ինքը զոհաբերել է նրան: Նա ապրում է սոսկ նրա համար, մտահոգվում է նրա ապագայով, ցանկանում է, որ նա գեղեցիկ կյանք ունենա, նրան մղում է դեպի փառքը. կինը հնազանդվում է, խնդրում ու հրամայում, ընկնում է ու բարձրանում և գիտե սփոփել այն դեպքերում, երբ դեռատի աղջիկը միայն հեծում է: Վերջապես, նրա կացության բոլոր առավելություններից զատ, երեսնամյա կինը կարող է ձևանալ դեռատի աղջիկ, խաղալ բոլոր դերերը, ամոթխած և գեղեցիկ լինել նույնիսկ դժբախտության մեջ: Այս երկուսի միջև անչափ տարբերություն կա, ինչպիսին կա նախատեսվածի ու չնախատեսվածի միջև: Երեսնամյա կնոջը գոհացնում է ամեն բան, դեռատի աղջիկը վախից ընկնում է և նահանջում: Այդ մտքերը զարգանում են երիտասարդ տղամարդու սրտում և առաջ բերում ուժեղագույն կիրք, որովհետև այդ միտքն է, որ միացնում է թե բարքերի կողմից ստեղծված արհեստական զգացումները, և թե բնական զգացմունքները:

***

Տղամարդու ամենաուժեղ զենքերից մեկը կնոջը իրենով զբաղեցնելու սարսափելի կարողությունն է։

***

Ամուսնուն կարելի է լքել, եթե նույնիսկ նա սիրում է մեզ: Տղամարդը ուժեղ էակ է, նա սփոփանքներ ունի: Մենք կարող ենք արհամարհել աշխարհիկ հասարակության օրենքները: Բայց երեխային ինչպե՞ս թողնել առանց մոր:

***

Երբեմն նրան շոյում էր այն միտքը, որ ինքն էր հանդիսանում այդպիսի գեղեցիկ մի կրքի առարկա, անարատ ու իսկական կիրք մի երիտասարդ տղամարդու, որի բոլոր մտքերը պատկանում են սիրեցյալ կնոջը, որի բոլոր րոպեները նրան են նվիրված, որը չի կեղծում և կարմրում, մտածում ինչպես կինը, չի դավաճանում նրան և անձնատուր է լինում նրան, առանց երազելու փառասիրության, ոչ էլ փառքի և հարստության մասին…

***

Սիրտն ունի իր սեփական հիշողությունը: Երբեմն կինը անկարող է մտաբերել կարևոր իրադարձությունները, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում նա կհիշի այնպիսի բաներ, որոնք նրա զգացմունքներին են վերաբերում:

***

Ամուսնությունը, որի վրա հենվում է հասարակությունը, մենակ մեզ է զգացնել տալիս իր ամբողջ ծանրությունը. տղամարդու համար ազատություն, կնոջ համար պարտականություններ: Մենք պարտավոր ենք ձեզ տալ մեր ամբողջ կյանքը, իսկ դուք հաշված րոպեներ եք միայն մեզ տալիս: Վերջապես տղամարդը հնարավորություն ունի ընտրություն անելու, իսկ մենք պարտավոր ենք կուրորեն հնազանդվել…

***

Սերն իր բնազդն ունի, նա գիտե գտնել դեպի սիրտը տանող ճամփան, ինչպես ամենափոքր միջատը, անդիմադրելի համառությամբ, աներկյուղ, շարժվում է դեպի իր ծաղիկը։

***

Պասկալն ասել է. «Կասկածել Աստծու գոյությանը, նշանակում է հավատալ նրան»: Այնպես էլ կինը սկսում է դիմադրել այն ժամանակ, երբ արդեն հափշտակված է:

***

Կանայք աննման տաղանդ ունեն իրենց զգացումներն արտահայտելու առանց չափազանց ուժեղ բառեր գործադրելու. նրանց պերճախոսությունները հատկապես շեշտի, շարժուձևի, կեցվածքի ու նայվածքների մեջ է:

***

Երեխան, պարոն, մի՞թե երկու էակների պատկերը չէ, ազատորեն զուգակցված երկու զգացմունների պտուղը: Եթե նա կապված չէ մարմնի բոլոր նյարդերով, ինչպես նաև սրտի բոլոր քնքշանքներով, եթե նա չի հիշեցնում հեշտագին սերերի մասին, այն ժամանակների և տեղերի մասին, ուր այդ երկու էակները երջանիկ էին, չի հիշեցնում դաշնությամբ զնգուն նրանց խոսքերը, նրանց քնքուշ մտածումները, ապա այդ երեխան մի վրիպած արարած է: Այո, երեխան նրանց համար պետք է դառնա հրապուրիչ մանրանկար, ուր նրանք վերստին գտնում են իրենց նվիրական համատեղ կյանքի պոեմները. նա նրանց համար պիտի դառնա ոգեշնչող հույզերի աղբյուր, իր մեջ մարմնավորի նրանց թե անցյալը և թե ապագան: Իմ խեղճ փոքրիկ Էլենը իմ ամուսնու աղջիկն է, պարտականության և պատահականության զավակը, նա իմ մեջ գտնում է լոկ կանացի բնազդը, այն օրենքը, որ մեզ անդիմադրելիորեն մղում է պաշտպանելու մեր արգանդից ծնված էակին:

***

Երիտասարդ աղջկա դեմքն ունի լճի մակերեսի հանդարտությունը և թարմությունը: Կանանց դեմքի արտահայտչականությունը սկսվում է միայն երեսուն տարեկան հասակում, իսկ ծերության ժամանակ կրքերը կեղևապատում են նրա դեմքը:

***

Այն թշվառները, որոնք հաց չունեն, բայց հարկադրված են հարգել ուրիշի սեփականությունը, արժանի են ոչ պակաս խղճահարության, որքան այն կանայք, որոնք վիրավորված են իրենց բաղձանքներում և իրենց հոգեկան նրբության մեջ:

***

Ամեն մի զգացում ունի իր մեծ օրը, իր առաջին փոթորկի ավելի կամ պակաս օրը: Այնպես որ, կսկիծը` մեր զգացումներից ամենից կայունը, սուր է միայն իր առաջին ներխուժման ժամանակ, և նրա հետագա հարվածները գնալով թուլանում են. գուցե այդ նրանից է, որ մենք վարժվում ենք նրա նոպաներին, կամ թե մեր բնության օրենքն է այդ, բնություն, որ այդ կործանարար ուժին հակադրում է համարժեք, բայց անգործունյա ուժ, այն քաղելով եսամոլական հաշիվներից: Բայց մեր բոլոր տառապանքներից որի՞ն է պատկանում կսկիծ անունը: Ծնողների կորուստը մի վիշտ է, որի համար բնությունը նախապատրաստել է մարդկանց. ֆիզիկական ցավն անցողիկ է, չի ընդգրկում հոգին. և եթե նա համառում է, ապա այլևս ցավ չէ, այլ` մահ: Եթե երիտասարդ մի կին կորցնում է նորածնին, ամուսնական սերը նրան շուտով հաջորդը կտա: Այդ ցավն էլ անցողիկ է: Վերջապես, այդ և նման ցավերը մի տեսակ հարվածներ են, վերքեր, բայց ոչ մեկը չի հարվածի կենսունակության հենց արմատին և պետք է, որ դրանք տարօրինակ կերպով շարունակվեն, որպեսզի սպանեն երջանկություն որոնելու մեր զգացումը:

***

Մեծ, իսկական կսկիծն այն մահացու ցավն է, որն ընդգրկում է միաժամանակ և՛ անցյալը, և՛ ներկան, և՛ ապագան, կյանքի ոչ մի մասնիկ չի թողնում իր անկեղծության մեջ, առհավետ աղճատում է միտքը, անջնջելիորեն դրոշմվում է շրթունքների ու ճակատի վրա, փշրում կամ թուլացնում հաճույքի զսպանակները, հոգուն նողկանք ներշնչելով այս աշխարհի բոլոր գոյերի հանդեպ: Եվ հետո այդ ցավը, որպեսզի ահռելի լինի, որպեսզի այդպես ճզմի հոգին և մարմինը, նա պետք է վրա հասնի կյանքի այնպիսի պահերին, երբ հոգին ու մարմնական բոլոր ուժերը նորատի են, և շանթահարի միանգամայն կենդանի սիրտը։ Ցավն այն ժամանակ լայն վերք բաց կանի, մեծ տանջանք կպատճառի, և ոչ մի էակ այդ հիվանդությունից չի կարող դուրս գալ առանց դրամատիկական ինչ-որ փոփոխությունների․ մեկը երկնքի ճամփան է բռնում, մյուսը մնում է այս աշխարհում, մտնում աշխարհիկ հասարակության մեջ, որպեսզի խաբի այդ հասարակությանը և որպեսզի այնտեղ մի որևէ դեր խաղա․ այն ժամանակ նա կճանաչի կուլիսները, ուր քաշվում են հաշիվ անելու, լալու և կատակելու համար․․․

***

Կինը, հատկապես երիտասարդ կինը, որի հոգին նույնքան լավն է, որքան արտաքինը, իրեն ամբողջովին նվիրում է նրան, ինչին նրան մղում են բնությունը, զգացումը, հասարակությունը։ Նրա կյանքն անհաջողակ է, և եթե, այնուամենայնիվ, ապրում է, ապա ենթարկվում է դաժանագույն տանջանքների այն իսկ պատճառով, որ առաջին սերը դարձնում է բոլոր զգացումներից գեղեցկագույնը․․․Դժբախտության ծնած կսկիծները չեն ենթարկվում վերլուծության, դրանք չի կարելի վերարատադրել արվեստի գույներով, բացի այդ, այդ տառապանքների գաղտնիքը չի վստահվում ոչ ոքի․ որպեսզի մխիթարես կնոջն այդ բանում, հարկավոր է կռահել դրանք․ քանի որ այդ տառապանքները, ծնելով զգացմունքների ցավագին ինքնամփոփություն և վեհություն, թաքնվում են հոգու մեջ, և ինչպես ձյունահյուս, որն ընկնում է հովիտը, ամեն ինչ կործանում է իր ճանապարհին, նախքան իր համար տեղ գտնելը․․․

***

Հասարակությունը կարող է գոյություն ունենալ միայն անձնական զոհաբերություններով, որ օրենքներն են պահանջում: Հասարակության առվելություններն ընդունելը չի նշանակում իր վրա վերցնել այն պայմանները պահպանելու պարտականությունը, որոնք ապահովում են նրա գոյությունը:

***

Կանանց կյանքում ամենագլխավոր և ամենավճռական քայլն այն է, ինչ իրենք համարում են ամենից աննշանը։ Ամուսնանալով կինն այլևս իրեն չի պատկանում․ նա դառնում է ընտանեկան կյանքի թագուհին կամ ստրկուհին:

***

Երիտասարդ կինը, որ հարկադրված է մտածել և գործել որպես տղամարդ, ոչ կին է, ոչ տղամարդ․ հրաժարվելով իր սեռի չարաբաստիկ թուլություններից, նա կորցնում է իր թովչությունը, ձեռք բերելով այն առավելություններից և ոչ մեկը, որ մեր օրենքները տալիս են տղամարդուն։

***

Ժյուլիին հաջողվեց ձևացնել, որ զվարթ է, նա իր մեջ ուժ գտավ երջանիկ երևալու, թաքցնելու խորշանքը. այդ օրվանից նա իրեն այլևս անբասիր կին չէր համարում, չէ որ ստեց, խաբեց ինքն իրեն…

***

Հարկավոր է ավելի թանկ գնահատել իր խոսքը, քան իր հարստությունը, որովհետև սեփական խոսքը պահելը հարստություն կտա, և բոլոր հարստությունները չեն ջնջի խղճմտանքի վրա այն բիծը, որն առաջ է եկել խոսքը դրժելուց։

***

Միայն որոշակի տարիքում կանայք գիտեն իրենց կեցվածքին խոսեցնել տալ. կենդանի մի առեղծված, որ շնորհում է այդ պերճախոս կեցվածքի գաղտնիքը միմիայն երեսնամյա կնոջը…

***

Ոչինչ այնպես գաղտնապահ չէ, ինչպես դեռատի կնոջ դեմքը, որովհետև ոչինչ այնպես անշարժ չէ։ Երիտասարդ կնոջ դեմքն ունի լճի մակերեսի հանդարտությունը և թարմությունը։ Կանանց դեմքի արտահայտչականությունը սկսվում է երեսուն տարեկան հասակում։ Մինչ այդ տարիքը նկարիչը նրանց դեմքում գտնում է միայն վարդակարմիրը և սպիտակը․ ժպիտներ և արտահայտություններ, որոնք միշտ միևնույն մտքերն են կրկնում՝ երտասարդության և սիրո մտքեր, բայց ծերության ժամանակ ամեն ինչ արդեն ասված է, կրքերը կեղևապատել են նրա դեմքը․ նա եղել է սիրուհի, կին, մայր, ուրախության և վշտի ամենաուժգին արտահայտությունները, ի վերջո, փոխել են նրա տեսքը և խաթարել նրա դիմագծերը՝ այնտեղ դրոշմվելով հազարավոր խորշոմներով, որոնք բոլորն էլ իրենց լեզուն ունեն․ և այդ ժամանակ կնոջ գլուխը սոսկալիությամբ վսեմ, մելամաղձությամբ գեղեցիկ և իր հանդարտությամբ հոյակապ է․․․

***

Ոչնչից ոչինչ չի սարքվում և ոչնչի համար ոչինչ չի արվում, ահա բնության թե ֆիզիկական և թե բարոյական ամենաարդարացի օրենքներից մեկը։