Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։
Այս մասին հայտնել են Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:
Հիշեցնենք՝ համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են հոկտեմբերի 17-ին։ Ռեկտորի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ նույնպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։



