Ներկայացնում ենք 300 պատմության ուսուցիչների հայտարարությունն ամբողջությամբ։
«Հարգելի տիկին նախարար Ժաննա Անդրեասյան,
մենք՝ ՀՀ տարբեր մարզերից 300 պատմության ուսուցիչ, հանրային կերպով բարձրացնում ենք մեր պահանջը՝ կապված ատեստավորման ժամանակացույցի վերջին պահին կատարված փոփոխության հետ։
Այս որոշումը՝
- խախտում է ուսուցիչների աշխատանքային և մասնագիտական իրավունքները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 57, ՀՀ «Կրթության մասին» օրենք, հոդված 6),
- առաջացնում է հոգեբանական ճնշում,
- փաստացի արժեզրկում է ուսուցիչների ներդրած աշխատանքը։
Պատմություն առարկան բարդ է իր ծավալով, բովանդակությամբ և պատասխանատվությամբ։ Ուսուցիչները ամիսներ շարունակ պատրաստվել են ըստ հաստատված գրաֆիկի, իսկ վերջին պահին փոփոխությունը խաթարել է այդ ամբողջ գործընթացը։
Մենք պարզ տեսնում ենք՝
- Ունենք կանխատեսում, որ շատերը չենն հասցնի պատրաստվել։
- Սա հոգեբանական ճնշման միջոց է՝ արդեն գերծանրաբեռնված ուսուցիչների նկատմամբ։
- Կա ընգծված անհավասար, խտրական վերաբերմունք հենց «Պատմություն» առարկայի նկատմամբ։
Այս ամենը վտանգում է համակարգի հանդեպ վստահությունը և խախտում է արդարության սկզբունքը։
Մեր պահանջները
- Վերանայել և չեղարկել վերջին պահին կատարված փոփոխությունը։
- Ապահովել արդար և կանխատեսելի պայմաններ բոլոր առարկաների ուսուցիչների համար։
- Կազմակերպել բաց քննարկում՝ ուսուցիչների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մենք հավատում ենք, որ կրթական համակարգը պետք է գործի ոչ թե լարվածության ու վախի, այլ հարգանքի և արդարության սկզբունքներով։
Ուսուցիչը պետության հիմքն է, ոչ թե ստրուկն ու զոհը»,-նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները, նշելով, որ լրացումները և փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



