ԳլխավորԼուր

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր դարձավ Վարդան Ազատյանը

Վարդան Ազատյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Վարդան Ազատյանի ընտրության արդյունքները։

Նշվում է, որ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է սահմանված բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մրցույթը տեղի է ունեցել մայիսի 6-ին։ Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին գրանցվել էր երկու հավակնորդ՝ արվեստագիտության թեկնածու Վարդան Ազատյանն ու ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Ռեկտորի ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով (1 անվավեր քվեաթերթիկ) դոցենտ Վարդան Ազատյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: