ԳլխավորԼուր

Փարիզի կենտրոնում Շառլ Ազնավուրի անվան պուրակ է բացվել

Շառլ Ազնավուրի անվան պուրակը Փարիզում

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով է անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը, հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։

Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը

«Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը»,–ասել է Տոլմաջյանը:

Դեսպանը խոսել է նաև ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող մեծ արտիստի անգնահատելի դերակատարության մասին հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը

Քաղաքապետ Իդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն մեծ արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:

Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետների և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։

Հասմիկ Տոլմաջյանը, Նիկոլա Ազնավուրը, Անն Իդալգոն, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը
Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը Փարիզում
Փարիզի կենտրոնում Շառլ Ազնավուրի անվան պուրակ է բացվել
Փարիզի կենտրոնում Շառլ Ազնավուրի անվան պուրակ է բացվել

Փարիզի կենտրոնում Շառլ Ազնավուրի անվան պուրակ է բացվել