ԳլխավորԼուր

Վերջին զանգը կհնչի 1547 դպրոցներում. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երևանի թիվ 185 հիմնական և 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Տնօրենների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարևոր է հասնել այն նպատակին, որ սովորութային նորմերը իրավական նորմերից ուժեղ չգտնվեն. աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու և հակահասարակական այլ երևույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները։

Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։

Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը կարևորեց ոստիկան-դպրոց համագործակցությունը։ «Սերտ համագործակցում ենք ոստիկանության աշխատակիցների հետ: Նրանք հաճախ գալիս են դպրոց, հետաքրքվում են։ Բարեբախտաբար, լուրջ խնդիրների հետ չենք առնչվել։ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ մեզ այցելել են, հանդիպում է եղել աշակերտների հետ: Ընկերաբար զրուցել են, որ վտանգներից հեռու մնան։ Իմ պաշտոնավարման չորս տարիների ընթացքում «Վերջին զանգի» կամ ավարտական երեկույթի ժամանակ չի եղել որևէ խնդիր կամ միջադեպ: Իհարկե, դա նաև մեր իրավապահների շնորհիվ է»։

Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։

Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը կարևորեց այն հանգամանքը, որ գործողությունների կարգը մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել է: «Նախապես հանդիպումներ ենք անցկացնում մանկավարժական կոլեկտիվի և երեխաների հետ, համաձայնեցնում ենք մեր գործողությունները: Կարևոր է, որ ծնողներն իրենց հերթին նաև գիտակցեն, որ դեռևս գործ ունեն երեխաների հետ, և պետք չէ տրանսպորտային միջոցը տրամադրել նրանց կամ թույլ տալ, որպեսզի անչափահասը ալկոհոլ օգտագործի կամ չարաշահի այն»։

Հավելենք, որ այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը  39.406 է, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 20.554, ընդհանուր՝ 59 960։