ԳլխավորԽճանկար

Ժաննա դ’Արկը հավատում էր ու մարտնչում էր թշնամու դեմ

1431 թվականի մայիսի 30-ին խարույկի վրա այրեցին Ժաննա դ’Արկին. մինչ այդ կաթոլիկ եկեղեցին նրան մեղադրեց հերետիկոսության ու սատանայի հետ համագործակցելու մեջ։

Տեղեկանք-Ժաննա դ’Արկ (1412 (այլ տվյալներով` 6 հունվարի, 1408/1409) Դոմրեմի — մայիսի 30, 1431, Ռուան), Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս։ Գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337-1453 թվականներ) մի ժամանակահատվածում։

Ժաննա դ’Արկը մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողություններին, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։

Ժաննան կարողանում է ֆրանսիական գահի թագաժառանգ Շառլին համոզել, որ իրեն զորախումբ տա, 1429 թվականի ապրիլին թագաժառանգի կողմից տրամադրված զորքով շարժվում է Օռլեան և համառ մարտերի արդյունքում մայիսի 8-ին վերացնում 1428-ից անգլո-բուրգունդական միացյալ զորքի կողմից սկսված պաշարումը։ Այդ օրվանից նրան անվանում են նաեւ Օռլեանի կույս, իսկ մայիսի 8-ը մինչ օրս Օռլեանում նշվում է որպես քաղաքի գլխավոր տոն։

1430 թ. մայիսին Ժաննան օգնության է շտապում պաշարված Կոմպյան քաղաքին, սակայն դավաճանության հետեւանքով գերի է ընկնում. անգլիացիների դաշնակից բուրգունդացիները 10 հազար ոսկե լիվրի դիմաց հանձնում են նրան թշնամուն։ Նոյեմբերին Ժաննան տեղափոխվում է անգլիացիների տիրապետության տակ գտնվող Ռուան քաղաքը, որտեղ էլ 1431-ի փետրվարին կաթոլիկ եկեղեցին դատ է սկսում Ժաննայի դեմ՝ նրան մեղադրելով հերետիկոսության մեջ։

Չնայած դատն իրականացնում էին ֆրանսիացի հոգեւորականները, անգլիացիները չէին էլ թաքցնում իրենց շահագրգռվածությունը այդ գործընթացով, հատկապես որ Ժաննան որպես ռազմագերի պահվում էր անգլիացների կողմից հսկվող բանտում։ Անգլիացիներին խիստ անհանգստացնում էր Ժաննայի մեծ ժողովրդականությունը, ռազմական հաջողությունները ու ֆրանսիացիներին ընդհանուր թշնամու դեմ միավորելու կարողությունը։

Ամիսներ տեւած ձեւական դատավարությունից հետո 1431 թվականի մայիսի 30-ին Ժաննա դ’Արկին այրեցին խարույկի վրա որպես հերետիկոս։

1452 թվականին Ֆրանսիայի արքան պահանջում է նոր հետաքննություն անցկացնել՝ Ժաննայի մեղքը պարզելու համար։ Ու արդեն 1456 թվականի հուլիսի 7-ին դատավորները ընթերցեցին դատավճիռը, որում նշվում էր, որ Ժաննայի դեմ առաջադրված մեղադրանքի յուրաքանչյուր կետ հերքվում է վկաների ցուցմունքներով։ Առաջին դատավարությունը ճանաչվեց անվավեր,  և մեղադրական եզրակացությունը խորհրդանշականորեն կոտրվեց ամբոխի առջև։

Արդեն 1909 թվականին Պիոս X պապը Ժաննային հռչակեց Երանելի, իսկ 1920 թ. մայիսի 16-ին Բենեդիկտոս XV-ը նրան դասեց սրբերի դասը։ Ֆրանսիայի գրեթե բոլոր կաթոլիկ եկեղեցիներում կա սուրբ Ժաննա դ’Արկի արձանը։ Օռլեանի կույսը պատկերված է տղամարդու հագուստով, սուրը ձեռքին։

Comment here