ԳլխավորԼուր

Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Փարաջանովի «Նռան գույնը» պարային ներկայացումը Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը,  ՕՌԱ շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, Տոբոգան թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆը։

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է  Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։

Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարևոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։

Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. ամռանը, Երևանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։

Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հոտնկայս բուռն ծափահարություններով:

2024թ. մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը  կիրականացվեն  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո։

Փարաջանովի «Նռան գույնը» պարային ներկայացումը Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում
Փարաջանովի «Նռան գույնը» պարային ներկայացումը Ֆրանսիայի Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում

Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը Տոբոգան թատրոնում կգործի մինչև փետրվարի 4-ը: