ԳլխավորԼուր

Հայկական բանակի առաջին կին ժամկետային զինծառայողը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս տարի առաջին անգամ տարածքային զինկոմիսարիատներ ժամկետային զինծառայության համար դիմել են նաև կանայք։ ՊՆ-ն տեսանյութ է պատրաստել նրանցից մեկի՝ Միլենա Ենոքյանի մասին։

Պարզվում է՝ նա երկու տարի շարունակ դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, սակայն տեսողության խնդիրների պատճառով չի ընդունվել։ Վերջերս վիրահատել է աչքերն ու բուժզննումների արդյունքում ճանաչվել ծառայության համար պիտանի։

2023–ի հունիսին ՀՀ ԱԺ–ն ընդունեց բանակում կանանց կամավոր ծառայության կարգի մասին նախագիծը։ Զինվորական ծառայություն անցնելու դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան կանայք: Ծառայության ժամկետը կկազմի 6 ամիս, ծառայության մեկնարկից առաջ ցանկացած պահի (բայց ոչ մեկնարկից հետո) հնարավոր կլինի հրաժարվել դրանից: Ծառայությունն անցկացվելու է առանձին զորամասում։

Ծառայության կես տարին լրանալուց հետո զինծառայողը կստանա 1 մլն դրամ պարգևատրում:

Ծառայությունը շարունակել ցանկացողները կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և ծառայության անցնել 5 տարի ժամկետով, որի ավարտից հետո կստանան 5 մլն դրամ: