ԳլխավորՄարս VS Վեներա

Ի վերջո՝ ի՞նչ են ուզում կանայք-2

Սկիզբը՝ այստեղ։

Կանայք ուշադրության եւ հոգատարության, սիրո կարիք են զգում՝ նախ եւ առաջ սենտիմենտալ, ռոմանտիկ սիրո։ Նախ եւ առաջ նրանք ցանկանում են լսել սենտիմենտալ, ռոմանտիկ ու քնքուշ բառեր… Ու թեկուզ թվա, թե դրանք չեն ազդում ասենք գերժամանակակից բիզնես-լեդիների վրա, ապա սխալվում եք. կանացի գեները իրենց խոսքն ասում են։ Եվ հիմա, եւ հազար տարի առաջ նրանք ցանկանում են լսել նույն հին երգը։ Որոշակի բառեր ու արտահայտություններ ուղղակի հիպնոսացնող դեր են խաղում կնոջ սրտի համար։

Պետք է չմոռանալ նաեւ, որքան էլ դա ոչ ժամանակակից թվա, բանաստեղծություններ կարդալը։ Կանայք պաշտում են, երբ տղամարդը բանաստեղծություն է կարդում, իսկ եթե այդ բանաստեղծությունը հատկապես այդ կնոջն է նվիրված, ապա վերջինս լրիվ քնքշություն է դառնում՝ նույնիսկ եթե դա աշխարհի ամենաանտաղանդ ոտանավորը լինի։ Մեծ դեր է խաղում նաեւ այն, երբ տղամարդը որեւէ երաժշտական գործիք է նվագում, ցանկալի է, որ դա դաշնամուր լինի։

Բայց ամենակարեւորը՝ խոսակցության մեջ հաճախ օգտագործեք կնոջ անունը։ Դա նրա ականջին ամենալավ երաժշտության պես է հնչում ու ընդգծում է իր անձի կարեւորությունը։ Հարկավոր է սակայն, չափը չանցնել ու լրիվ հալվել կնոջ մոտ։ Դա մեծ սխալ է, քանի որ կանայք թույլերին չեն սիրում։ Իդեալական տարբերակն այն է, որ լինեք «հասկացող, բայց միաժամանակ չոր ու սառը» տղամարդ։ Պարզ է, իհարկե, որ հասկացող ու քնքուշ՝ տվյալ կնոջ հետ, եւ չոր ու անողոք՝ մնացած մարդկանց հետ։ Կանայք դեմ չեն նաեւ իրենց նկատմամբ խստությանը, երբ իրենք էլ են զգում, որ չափն անցնում են։

Հիշեք եւս մի բան. աշխարհում ամեն ինչից շատ կանայք ցանկանում են դուր գալ։ Եվ միեւնույն ժամանակ նրանք խիստ անվստահ են զգում իրենց։ Անխտիր բոլոր կանայք բարդույթներ ունեն իրենց արտաքինի նկատմամբ։ Նույնիսկ սուպերմոդելները։ Իրենց սեւ գործն են անում նաեւ նորաձեւ հանդեսները ու հեռուստատեսությունը, հատկապես սերիալները, որտեղ ցուցադրում են 180 սմ հասակով ու 60 կգ քաշով դիցուհիների ու կարծես ասում կանանց. «Ահա թե ում պետք է նմանվեք»։ Բայց այդպիսի չափանիշներ ունեն հազվադեպ կանայք, այն էլ՝ մինչեւ 25-26 տարեկանը։ Ու շարքային կանայք շարունակում են տառապել, ըստ իրենց, անլիարժեք արտաքինի պատճառով։ Որոշ կանայք այնքան են իրենք իրենց համոզում, որ գեր են, որ սկսում են նիհարել սովամահ լինելու աստիճան։

Կնոջ հոգում միշտ նստած է կասկածի որդը. «Տեսնես ինչպե՞ս եմ դիտվում։ Դո՞ւր եմ գալիս, թե՞ ոչ։ Իսկ կարո՞ղ է հիմա դուր եմ գալիս, հետո դադարեմ դուր գալուց»։ Դուր գալու պահանջն անբաժան է կնոջից այնպես, ինչպես, օրինակ, ուտելու պահանջը, այն չես բավարարի մեկ անգամով եւ ընդմիշտ։ Այդ պատճառով էլ նրանք հաճոյախոսության մշտական կարիք ունեն, ու երբ գովասանքները մի պահ դադարում են, նրանց ինքնագնահատականը կրկին ընկնում է մինչեւ զրոյական աստիճան։

Կնոջ հետ հանդիպման ժամանակ բոլորվին պետք չէ, սակայն, սրամտությունների ու կոմպլիմենտների հեղեղ թափել, կամ առավել եւս՝ դժգոհել սեփական դժվարություններից կամ հպարտանալ ձեռքբերումներով։ Հնարավորություն տվեք կնոջը խոսելու աշխարհում ամենասիրելի մարդու՝ ինքն իր մասին (եթե երեխա ունի՝ երեխայի ու իր մասին)։

Խոսակցության ընթացքում հաճախ նայեք կնոջ աչքերին։ Դա ձեր միջեւ լրացուցիչ կոնտակտ է ստեղծում, ու բացի դրանից, հոգեբանների պնդմամբ՝ տղամարդու հայացքը կնոջ համար երբեմն շատ սեքսուալ է, եթե նույնիսկ դուք հանդեսի էջից իջած տղամարդու արտաքին չունեք։ Պատահական չէ, երեւի, որ Ճապոնիայում զրուցակցի աչքերին նայելն անպատշաճ է համարվում։

Եվ ահա, կինը նստած է իր համար, լողում է քո ուշադրության եւ հիացմունքի շողերում, բայց մտքի մի անկյունում անընդհատ մի հարց է պտտվում. «Տեսնես դո՞ւր եմ գալիս նրան, թե՞ ոչ»։ Ու եթե փաստի, որ դուր է գալիս, ուրեմն դու էլ կսկսես իրեն դուր գալ։ Իսկապես ճիշտ է այն պնդումը, որ մենք սիրում ենք նրանց, ովքեր սիրում են մեզ։

Մեկ տարբերություն էլ կա կանանաց ու տղամարդկանց միջեւ։ Եթե տղամարդիկ ընդհանրապես հակված են դեպի կանանց, ապա կինը հակված է կամ տարվում է կոնկրետ մեկ տղամարդով։

Կա այսպիսի մի տեսություն, որ կինը տղամարդու մեջ բնազդաբար փնտրում է իր հոր արտացոլումը, քանի որ մանկության ժամանակ աղջկա հարաբերությունները հոր հետ մեծ դեր են խաղում նրա հետագա ողջ կյանքում։ Ու եթե մանկության ժամանակ հարկ եղած ուշադրությունը չի ստացել հոր կողմից, ապա ավելի շուտ նա կմեծանա որպես անինքնավստահ, անլիարժեքության բարդույթով տառապող մեկը, ով ուշադրության ու հոգատարության կարիք կզգա օրվա մեջ 24 ժամ ու ավելի շատ հակված կլինի դեպի իրենից անհամեմատ տարիքով մեծ տղամարդկանց ընկերակցությանը։

Սակայն տղամարդկանց եւս մեկ հակասական փորձություն է սպասվում. եթե ցանկանում ես, որ կնոջը հետաքրքրես նախ եւ առաջ որպես տղամարդ, ապա պետք է զգուշանալ նրա հետ չափից դուրս մտերմանալուց ու նրա մասին չափից դուրս շատ հոգ տանելուց։ Որոշակի տարածություն է պետք պահպանել։ Հասկանալի է, որ դա բարդ խնդիր է՝ մոտենալ-մտերմանալ՝ միաժամանակ մի քիչ հեռու մնալով, բայց դե… հակառակը դեպքում դուք պարզապես շատ մտերիմ ընկերներ կդառնաք, իսկ մտերիմ ընկերը կնոջ համար դադարում է տղամարդ լինելուց։ Դա է պատճառներից մեկը, որ առավոտից երեկո միեւնույն տեղում աշխատող կամ սովորող մարդկանց միջեւ հազվադեպ են սիրային հարաբերություններ առաջանում։

Պետք է ճիշտ քաղաքականություն վարել։ Եթե դու կնոջ հետ չափից դուրս սառն ես ու քո ներաշխարհը պահում ես 7 փակի տակ, ապա նա պարզապես կհեռանա, ետ կքաշվի քեզանից։ Մյուս կողմից՝ եթե դու նրա առջեւ լրիվ անկեղծ լինես ու պատմես ամեն ինչ, ապա կդառնաս պարզապես նրա մտերիմը, ընկերը, գրեթե ընկերուհին՝ դադարելով ինչ-որ չափով խորհրդավոր կամ հետաքրքրական լինելուց։ Որտե՞ղ է ճիշտ սահմանը՝ ոչ ոք չի կարող ասել։

Եվ ամենավերջում. կա այսպիսի մի բան, որ կոչվում է սեր։ Դա ավելին է, քան ընկերությունն ու սեռական հարաբերությունները միասին վերցրած։ Մի զգացում, որը դեռ չեն կարողանում ինտերնետ գցել կամ դրա համակարգչային իմիտացիան անել այն պարզ պատճառով, որ միայն սիրո դեպքում են այնպիսի իրական ֆիզիկական զգացողությունները, ինչպիսիք են խանդը, դավաճանությունը, տանջանքն ու կարոտը։

Թրգմ. usanogh.am-ի

 

Comment here