ԳլխավորՄարս VS Վեներա

Իսկ եթե լսե՞ք տղամարդուն…

Տղամարդը միավոր ժամանակում մտածում է. «Պետք է գնալ խանութ եւ հագուստ գնել»։ Կինը միավոր ժամանակում մտածում է. «Է~հ, ինչու մենք ոչ մի բան չենք առնում, ինչ անբախտ ես դուրս եկա, երեւի դա նրանից է, որ նա ինձ չի սիրում, բայց ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար, հեչ տղամարդ չի ամուսինս, քանի որ իսկական տղամարդը գիտի, թե դա ինչ կարեւոր է ինձ համար՝ հագուստ գնել. մի հագնելու բան չունեմ դուրս գալու համար, իսկ նրա համար մեկ է, ընդհանրապես ինձ չի նկատում։ Ու սկսել է իմ հաշվին խնայողություն անել, եւ ընդհանրապես՝ մեր հարաբերություններն այս վերջերս էն չեն…»։

Ահա թե ինչ է նշանակում այն արտահայտությունը, թե կնոջ մտածողությունը 6 անգամ հզոր (ավելի ճիշտ՝ բուռն 🙂 ) է տղամարդու մտածողությունից։ Ահա հենց այսպիսին է կնոջ մտածողությունը՝ խիստ զգացմունքային։

Բայց հենց դրանում է նաեւ կնոջ ուժը։ Նա կարող է միաժամանակ մտածել բազմաթիվ բաների մասին՝ ամուսին, երեխաներ, ընթրիք, աշխատանք, տնային գործեր… Դա թույլ է տալիս նրան ամեն ինչ հասցնել մեկ օրվա ընթացքում եւ ոչ մեկի ու ոչ մի բանի մասին չմոռանալ՝ բոլորին ուշադրություն հատկացնելով։ Ե’վ երեխային հարցնել գնահատականների մասին, ե’ւ ամուսնուն հիշեցնել, թե այս կամ այն իրը որտեղ է կամ ինչ է այսինչ մարդու անունն ու պաշտոնը, ե’ւ կերակրել տնային կենդանիներին, ջրել ծաղիկները, հիշել ու զանգահարել մորաքրոջը՝ ծննդյան օրվա առթիվ, կամ հիշեցնել տատիկին, որ դեղերը խմելու ժամն է…

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե կինը միավոր ժամանակում մտածեր միայն մեկ բանի մասին։ Երեխային տեսավ՝ եւ ահա երեխան, պետք է նրան ուշադրություն դարձնել։ Երեխան աչքի առաջ չէ՝ եւ չի էլ հիշում նրան։ Բացառվում է, որ կինն այդպես վարվի։

Բայց տղամարդկանց մոտ գրեթե այդպես է։ Միավոր ժամանակում նրանք զբաղվում են միայն մեկ գործողությամբ։ Ու եթե կինը զայրանում է ամուսնու վրա, որ նա մտածում է միայն իր հոբիի մասին, դա առնվազն տարօրինակ է։ Այլ կերպ ասած՝ դա նույնն է, թե տղամարդուն ասել, որ նա պետք է կին լինի։ Ու դրա մասին տարիներ շարունակ երազելով ու դրան ձգտելով, ինչ-որ մի պահի կինը զարմանում է, թե ուր են կորել ամուսնու տղամարդկային գծերը։

Երբ տղամարդը մտածում է կնոջ մասին, մտածում է ամբողջությամբ։ Դա փաստ է։ Բայց մտածել կնոջ մասին ամբողջ օրվա ընթացքում՝ դա այնքան էլ հեշտ չէ տղամարդու համար։ Իսկ եթե դուք շատ եք ցանկանում, երազում ու գիշերներն աղոթում, ապա պատրաստ եղեք, որ երբ նա կսկսի օրեր շարունակ մտածել ձեր մասին, ապա չի կարողանա մտածել աշխատանքի, փող աշխատելու, ընտանիքը պաշտպանելու մասին։ Եվ եթե նա անընդհատ ձեր մասին չի մտածում, դա դեռ չի նշանակում, որ նա չի սիրում ձեզ։ Պարզապես նա չի մտածում ձեր մասին այնպես, ինչպես ընդունակ է մտածել կնոջ «6 անգամ ավելի հզոր» միտքը։ Որովհետեւ նա տղամարդ է, ու այդքան է նրա հնարավորությունը։

Բայց նպատակը, հանուն որի նա աշխատում է ու փորձում է կյանքում հասնել ամեն ինչի, եթե նա ձեզ հետ է՝ նշանակում է այդ ամենը նա անում է հանուն ձեզ։ Ուղղակի նա ամեն օր այդ մասին չի մտածում. «Ահա, հանուն նրա աշխատում եմ, որովհետեւ ես սիրում են նրան, ինչպե~ս եմ սիրում, ինչ գեղեցիկ աչքեր ունի՝ օվկիանոսի պես, ախ…»։ Տղամարդը մի անգամ ինչ-որ ժամանակ ընդունել է այդ որոշումը, ու այդ օրվանից չի փոխել այն։ Իսկ եթե հանկարծ մի օր որոշումը փոխի՝ պարզապես կհեռանա ձեզանից՝ ֆիզիկապես կամ հոգեպես։ Այդ կինն է, որ օրվա մեջ 150 անգամ փոխում է իր կարծիքը։ Տղամարդը կարող է մի բան որոշել 20 տարի առաջ ու ձեզ ամուսնության առաջարկ անել, ու այդ օրվանից ամեն ինչ, ինչ նա անում է, անում է հանուն ձեզ։ Ու եթե նա ձեզ հետ է՝ ուրեմն որոշումը չի փոխել 🙂

Երբ տղամարդը դռան փականն է սարքում, նա մտածում է միայն փականի մասին ու թե ինչպես վերանորոգի-վերջացնի։ Իսկ կինը, ով ասենք արդուկ է անում, արդուկի մասին ընդհանրապես չի մտածում։ Նրա մտքերը թռչում են տարբեր ուղղություններով ու տարբեր թեմաների շուրջ. «Կարտոֆիլը վերջացել է, ձեթ էլ է պետք առնել, երեխան վաղը ֆիզկուլտուրա ունի, ամուսինս անտարբեր է՝ երեւի ինձ էլ չի սիրում, ինչ դժբախտ եմ ես…»:

Ահա թե ինչու է կարեւոր, որ կինը հետեւի իր հոգեվիճակին։ Ու ահա ինչու են նաեւ ասում, թե կինը ցանկության դեպքում կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա։ Տղամարդկանց հաջողությունը սովորաբար նեղ ուղղվածություն ունի, իսկ կանանցը կարող է բազմաթիվ բնագավառներ ընդգրկել։

Տղամարդը սովորաբար մտածում է աշխատանքային հաջողությունների մասին, մնացածի համար պատասխանատու է կինը։ Այդպես է ստեղծված բնության կողմից։ Տղամարդը հայթայթում է, իսկ կինը մնացած ամեն ինչը լրացնում է իր մտքերով։

Ու քանի որ կինը չի կարող վերահսկել իր ներքին մենախոսությունը, քանի որ այն շատ բուռն է, դրա համար էլ նրան տղամարդ է տրված, ով ուղղորդում է կնոջ մտքերը հարկավոր ուղղությամբ։

Վերադառնանք մեր օրինակին. կինն առավոտյան արթնացել է ու հերթով մտածում է ամեն ինչի մասին «Ոչ մի տեղ չենք գնում հանգստանալու, խանութներ չենք այցելում, վերջին անգամ երբ ենք ռեստորանում ճաշել…»։ Ու այդ պահին ամուսինն ասում է. «Արի այսօր մի քանի խանութ գնանք»…

ՍՎԵՏԼԱՆԱ ՏԵՐՅՈՇԿԻՆԱ

Շարունակությունը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ usanogh.am

 

Comment here