ԳլխավորՄարս VS Վեներա

Իսկ եթե լսե՞ք տղամարդուն-2

Սկիզբը՝ այստեղ։

Վերադառնանք մեր օրինակին. կինն առավոտյան արթնացել է ու հերթով մտածում է ամեն ինչի մասին «Ոչ մի տեղ չենք գնում հանգստանալու, խանութներ չենք այցելում, վերջին անգամ ե՞րբ ենք ռեստորանում ճաշել…»։ Ու այդ պահին ամուսինն ասում է. «Արի այսօր մի քանի խանութ գնանք»։ Վերջ՝ կնոջ միտքը սկսում է աշխատել մի քիչ ավելի նեղ հունով. «Իսկ ինչ հագնեմ, ինչպես շպարվեմ, ինչ առնենք…»։ Բայց նա գոնե արդեն մտածում է մեկ որոշակի գործի մասին։

Ահա թե ինչու պետք է կինը լսի տղամարդուն։ Նրա կյանքը միանգամից իմաստ է ձեռք բերում։ Այո, այո, երբ կինը լսում է ամուսնուն՝ նրա մոտ կյանքի իմաստ է ծնվում, ավելի ճիշտ՝ ձեւավորվում։ Տղամարդու էներգիան արեւային է ու այն լուսավորում է կնոջ ուղին։ Երբ արեւը որեւէ տեղ լույս է գցում, այդ տեղը մեզ համար միանգամից դառնում է լուսավոր, վառ-տեսանելի ու հստակ։

Փորձեք պարզապես լսել այն ամենը, ինչ ասում է ամուսինն ու անել այդ։ Եթե նա խնդրել է պատրաստել ապուր, ապա պատրաստեք հենց ապուր։ Դրա շնորհիվ դուք նախ կազատվեք մտատանջությունից՝ «Այսօր ի՞նչ եմ եփելու», հետո էլ՝ հաստատ այն դուր կգա ամուսնուն։ Ու եթե տղամարդը ձեզ ասում է, որ չպետք է աշխատել, դա ավելի շուտ նշանակում է, որ չպետք է աշխատել։ Իսկ եթե կասկածում եք, կարող եք տղամարդուն որոշակի հարցեր տալ. «Իսկ ինչո՞ւ ես այդպես կարծում, կբացատրե՞ս»։ Եվ ամուսինը, օրինակ, կարող է ասել. «Մտածեցի, որ շատ նյարդեր ու էներգիա ես ծախսում աշխատավայրում, ու դրանից է, որ այս վերջերս մի տեսակ միշտ հոգնած ու տխուր ես»։ Այդ դեպքում փորձեք, չնայած հոգնածությանը, մի փոքր ավելի ուշադրություն հատկացնել ամուսնուն, ու նա այլեւս չի խոսի չաշխատելու մասին։

Այսինքն, պարզել ամուսնուց, թե ինչու է նա այս կամ այն բանն ասում անել կամ չանել՝ նորմալ է։ Կնոջն անհրաժեշտ են այդպիսի բացատրությունները, քանի որ նա կարող է այնպիսի բաներ մտածել տվյալ թեմայի շուրջ, որ ամուսնու մտքով նույնիսկ չի էլ անցել։ Ու եթե կինը զգում է, որ ներսում ամեն ինչ եռում է, ապա կարող է պարզապես հարցնել ամուսնուն, թե ինչ անել։

Օրինակ՝ կինը հարցնում է. «Տրամադրությունս մի քիչ այն չէ, չգիտեմ ինչ անել»։ Ամուսինը տարբերակներ է առաջարկում՝ ընկերուհիների հետ հանդիպել, գնալ միասին զբոսնելու, մարմնամարզությամբ զբաղվել կամ ուղղակի միտքն ավելի հաճելի բաներով զբաղեցնել։ Այստեղ կարեւորը միանգամից չսկսել հակադրվել ու վիճել ամուսնու հետ, այլ փորձել նրա ասածներից ինչ-որ բան ընտրել ու կիրառել։

Իսկ եթե ոչ մի բան նրա ասածներից քո սրտով չէ, փորձիր ինքդ քեզ հարցնել. «Իսկ ի՞նչ կարող եմ ես անել՝ երջանիկ լինելու համար»։ Ու այդ դեպքում մտքերը ոչ թե կպտտվեն այն բանի շուրջ, թե «Վայ, ինչ վատ է ամեն ինչ ինձ համար», այլ տարբերակներ կքննի. «Հը, չգնա՞մ զբոսնելու, կամ գուցե երգեմ բարձրաձայն, կամ ծաղիկները խնամեմ»։

Ամենալավն, իհարկե, կլինի, որ այդ հարցերը տղամարդուն տաք։ Այն պարզ պատճառով, որ նա ավելի որոշակի պատասխաններ ունի։ Կինը կարող է բազմաթիվ տարբերակներ մտածել, թե ինչ կարելի է անել երջանիկ լինելու համար ու այդպես էլ չորոշել, թե դրանցից որը կիրառի։ Իսկ երբ խոսում է տղամարդը, արդեն պետք չէ շատ մտածել, քանի որ կան պատրաստի որոշումներ։

Եվ վերջապես պետք է հիշել, որ ձեր կողքի տղամարդը հենց այնպես չէ ձեզ հետ։ Ճակատագիրը միացնում է միայն այն կնոջն ու տղամարդուն, ում համար ընդհանուր կյանք է նախատեսված։ Եվ եթե հիմա դուք միասին եք, ուրեմն Աստված ինքն է տվյալ տղամարդու մեջ դրել ձեր կյանքի ծրագիրը եւ հենց ձեր ամուսինը բոլորից լավ գիտի,  թե ինչպիսի խորհուրդներ տա ձեզ։

ՍՎԵՏԼԱՆԱ ՏԵՐՅՈՇԿԻՆԱ

Թրգմ. usanogh.am-ի

Comment here