Մի հանրաճանաչ ֆիլմ կա Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ՝ «Ինչ են ցանկանում կանայք»։ Կիսաֆանտաստիկ այդ ֆիլմի հերոսը հոսանքահարվելու արդյունքում ձեռք է բերում միայն կանանց մտքերը լսելու ընդունակություն, ու ինչեր են պարզվում դրանից հետո՝ ֆիլմին ծանոթները գիտեն, իսկ ովքեր չեն տեսել այն, խորհուրդ ենք տալիս անպայման դիտել:-)
Կատակերգական այդ կինոնկարում բազմաթիվ ճշմարտանման ու ճշմարիտ մտքեր կան, որոնք գալիս են մեկ անգամ եւս ապացուցելու, որ կանայք ու տղամարդիկ այլ կերպ են մտածում միեւնույն բաների մասին։ Այն, ինչ կարեւոր է կամ ազդում է տղամարդու վրա, կանանց վրա կամ բոլորովին չի ազդում, կամ ազդում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Եվ ընդհակառակը. այն, ինչ մանրուք է տղամարդու համար, կնոջ համար կարող է առաջնահերթ տեղում լինել։ Ասենք տղամարդը մոռացել է ծննդյան օր կամ որեւէ ամսաթիվ, թվում է թե՝ հետո ինչ, մեծ բան։ Բայց արի ու տես, որ կինը դրանից կարող է մեծ ողբերգություն սարքել։
Այսինքն, եթե կարծում եք, որ կանայք վերաբերվում են ամեն ինչին տղամարդկանց պես, չարաչար սխալվում եք։ Չի կարող այդպես լինել թեկուզ այն պատճառով, որ օրինակ, տղամարդիկ սիրում են աչքերով, իսկ կանայք՝ ավելի շատ լսողությամբ։ Ու եթե տղամարդկանց համար կանացի մերկ մարմինը ամենա-ամենա գայթակղիչն է, ապա կանանց մեծ մասի համար լավ կոստյումով կամ համազգեստով տղամարդը շատ ավելի ցանկալի է։ Գոնե այդպես պնդում են հոգեբանները։
Եթե դու «հասկանում ես» կնոջը…
Եթե դու «հասկանում ես» կնոջը, ապա հաշվիր, որ արդեն անցել ես դեպի նրա սիրտը տանող ճանապարհի մեծ մասը։ Տարածված այն կարծիքը, թե կանանց սրտերը գրավելու համար հարկավոր է նախ եւ առաջ մկաններից փքված մարմին ունենալ ու վարել թանկարժեք ավտոմեքենա, ընդամենը առասպելների շարքից է ու որոշ ազդեցություն ունի միայն մտքով դեռ անչափահաս մնացած կանանց մոտ։ Չնայած մյուս կողմից, եթե դու մկաններից փքված մարմին ունես եւ թանկարժեք ավտոմեքենա, դրա պատճառով քեզ հաստատ ավելի քիչ չեն սիրի։
Գլխավորը՝ պետք է «հասկանալ» կնոջը։ Ինչու ենք այս բառն անընդհատ չակերտների մեջ առնում, որովհետեւ երբ կինն ասում է, որ իրեն ոչ ոք չի հասկանում, դա ավելի շուտ նշանակում է, որ ոչ ոք չի մտնում իր դրության մեջ ու չի պաշտպանում կամ կիսում իր կարծիքը։
Ընդհանրապես կանայք սիրում են դժգոհել ծանր կյանքից, շրջապատից, աշխարհում ամեն ինչից։ Դժգոհում-բողոքում են ու մի որոշ ժամանակ հանգստանում, ասես ներսում կուտակվածն ասեցին՝լիցքաթափվեցին, ու շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով։
Այդ դժգոհությունները պետք չէ տառացիորեն ընդունել, զայրանալ, եռալ, հակառակվել կամ էլ վազել բարիկադների վրա՝ գոչելով. «Ես ամեն ինչ կկարգավորեմ»։ Ոչ ոք քեզանից գործնական քայլեր չի սպասում, հատկապես որ այդ բողոքները հիմնականում վերաբերում են երրորդ անձանց կամ այնպիսի հանգամանքների, որոնք քո իրավասության տակ չեն գտնվում ու որոնց հետ դու որեւէ կապ չունես։ Բայց եւ պետք չէ անտեսել այդ տրտունջները։ Նստիր եւ լսիր, լսիր դեմքի «հասկացող» արտահայտությամբ։ Ռուս դասական Չեխովը ասել է. «Եթե ցանկանում եք գայթակղել կնոջը, լսեք նրա բողոքները»։ Ու Անտոն Պավլովիչը կարծես թե իրավացի է։
Եվ այսպես՝ դուք նստած եք դեմ-դիմաց, ասենք սրճարանում։ Դու ամբողջովին ուշադրություն ես դարձել, ու կնոջը աստիճանաբար սկսում է թվալ, որ դու իրեն «հասկանում ես» (ավելի ճիշտ կլինի ասել՝ ապրումակցում կամ կիսում ես նրա դժգոհությունը)։ Այսինքն՝ գրեթե հարազատ մարդ ես, ով ըմբռնումով է մոտենում նրա դժգոհություններին։ Եվ այստեղ սկսում է ուրվագծվել մի հետաքրքիր իրավիճակ. մի կողմից ձեր միջեւ առաջանում է փոխվստահություն ու մտերմություն, մյուս կողմից շարունակում են գործել հակառակ սեռերին ձգող բնական ուժերը։ Եվ պետք է ճիշտ կողմնորոշվել այդ իրավիճակում, որպեսզի ձեր հարաբերությունները դրվեն մեկ այլ՝ որակապես նոր հունի մեջ։
Մի խոսքով «հասկանալ» կնոջը՝ նշանակում է ուշադիր լսել նրա բոլոր դժգոհություններն ու բողոքները։ Ու դա ամենաթանկագին նվերն է, որ տղամարդն այդ իրավիճակում կարող է տալ կնոջը. մյուս կանայք իրենք կուզեն բողոքել, իսկ այլ տղամարդկանց տվյալ կինը հետաքրքիր չէ՝ լսելու աստիճան…
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։