2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈւ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:
Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2023 թ. ամառային զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանվում է հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։