ԳլխավորԼուրԿրթություն

Ֆրանսերենի խորացված ծրագիր կիրականացվի ՀՀ եւս 7 կրթօջախում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև օգոստոսի 30-ին  Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում:

Ըստ համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում:

2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ:

Հավելենք, որ այսօր Ժոնաթան Լաքոտի վերջին աշխատանքային օրն է Հայաստանում։

Comment here