Եթե հանրակրթական դպրոցներում մուտքի դները կողպվում են, ապա բանալիները պարտադիր պետք է լինեն բոլորին հասանելի վայրում, այլապես վտանգն անխուսափելի է. Usanogh.am-ի հետ զրույցում նման նկատառում է անում ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը` անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկի ահազանգին առ այն, որ հայաստանյան դպրոցներում կա մուտքի դուռը կողպելու սովորություն, ընդ որում, հաճախ պահակը տեղում չի լինում, և եթե արտակարգ իրավիճակ գրանցվի, սաների և դպրոցի անձնակազմի տարհանումը կդառնա խնդրահարույց:
«Հրդեհային անվտանգության նորմերի համաձայն՝ դպրոցի մուտքի դուռը ոչ թե չի կարելի կողպել, այլ պարզապես բանալին պետք է պահել բոլորին հասանելի վայրում` անհրաժեշտության դեպքում դուռն անհապաղ բացելու համար: Ամեն դեպքում, նախընտրելի է, որ դուռն առհասարակ չկողպվի, քանի որ արտակարգ իրավիճակների դեպքում դրա բացելը ժամանակի կորուստ է»,-շեշտում է Էդան Սնգրյանը:
Նրա խոսքով` նախ և առաջ անհրաժեշտ է, որ դպրոցը կառուցելիս դեռևս նախագծման փուլում պահպանվեն շինարարական բոլոր նորմերը, իսկ հետագայում էլ տվյալ տարածքը պետք է շահագործել և սպասարկել այնպես, որ անվտանգության նորմերը մաքսիմալ պահպանված լինեն:
Որոշ դպրոցների պատուհաններ փակված են ճաղավանդակներով, ինչը ևս արտակարգ իրավիճակներում կարող է մեծագույն խոչընդոտ հանդիսանալ.
«Դպրոցներից շատերում առկա է նյութատեխնիկական բազա, օրինակ` համակարգիչներ, ուստի որոշները նախընտրում են դասասենյակների պատուհանները փակել ճաղավանդակներով` գողությունից խուսափելու համար: Փոխարենն այդպիսով փակում են տարհանման հավանական և շատ կարևոր ուղիներից մեկը:Իհարկե, դա սխալ է: Իսկ եթե նույնիսկ կա ճաղավանդակ, դրա կողքին պետք է լինի իր, որի միջոցով հնարավոր է անհրաժեշտության դեպքում ջարդել այն»,-մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Էդան Սնգրյանի խոսքով` տարվա ընթացքում պարբերաբար պետք է կազմակերպվեն հանդիպումներ դպրոցների հետ, անցկացվեն քննարկումներ, կատարվեն փորձնական պարապմունքներ. «Իհարկե, դպրոցներում պարբերաբար անցկացվում են նման միջոցառումներ, մեզ էլ համատեղ պարապմունքներ անցկացնելու առաջարկներ են անում, բայց դրանց թիվը հարկավոր է մեծացնել: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել իրազեկման հետ կապված միջոցառումներին: Հարկավոր է հնարավորինս կառավարելի դարձնել մարդկային գործոնը, օրինակ` դու կարող ես տարհանման հետ կապված ամեն բան հրաշալի պլանավորել, բայց ամենապատասխանատու պահին պահակը տեղում չլինի, որ դուսռը բացի: Սա պետք է բացառվի»,-եզրափակեց Էդան Սնգրյանը:
Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաև Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ: Նրա համոզմամբ` զուտ մեթոդաբանության տեսակետից դպրոցի մուտքի դուռը փակելը սխալ է. «Դպրոցը բանտ չէ, որ դուռը կողպես կամ պատուհանները ճաղավանդակով պատես. դրանք պետք է միշտ հասանելի լինեն թեկուզ արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացը ճիշտ կազմակերպելու համար»,-ասաց տնօրենը:
Նա հիշեցրեց օրերս Երևանի թիվ 166 դպոցում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքը, որին ավելի վաղ անդրադարձել էր Usanogh.am-ը: Մեր տեղեկություններով` երբ մի քանի տղամարդիկ մուտք են գործել դպրոց և ծեծի ենթարկել 9-րդ դասարանի տղաներին, պահակին ստել են, թե իրենց հրավիրել են դպրոց, և պահակը բացել է դուռը. «Դպրոց կարող են մուտք գործել հարբած, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձիք, խեղճ պահակն ի՞նչ անի: Մնում է` բերենք դպրոցներում անվտանգության աշխատակիցների կանգնեցնենք: Բայց եթե նույնիսկ պետությունն ամեն դպրոցի պետական պահպանության ծառայությունից 2-3 պահնորդ տրամադրի և դուռը չկողպի, այդ պարագայում էլ ամբողջովին ապահովագրված չենք լինի նմանատիպ պատահարներից, ուստի մեր ձեռքում եղած միակ գործիքը շարունակում է մնալ բանալին»,-ասաց տնօրենը:
Մյուս կողմից, Սարգիս Խաչատրյանի խոսքով, մեր սովորողների մոտ դեռ առկա չէ այն գիտակցությունը, որ դպրոցի մուտքի դուռը չկողպելու դեպքում դասերից չփախչեն. «Այդ պարագայում դժվար է կանոնակարգել բացակայությունների, դասերից փախչելու հետ կապված հարցերը: Եթե լինի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, այդ պարագայում կարելի է մուտքի դուռը բաց պահել: Օրինակ` եվրոպական երկրներում դպրոցի մուտքի դուռը չի կողպվում, բայց եթե սովորողը դասի ժամին դուրս գա և չվերադառնա դպրոց, ծնողը ենթարկվում է ֆինանսական լուրջ տույժի: Մեզ մոտ, սակայն, նման նախաձեռնություն չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը: