ԳլխավորԽոսքՓորձադաշտ

Անջատիր անձրեւը, չմրսես…

Նա անջատեց սենյակի անձրեւը, մի քիչ սրթսրթաց, քանի որ պետք է որ թրջված եւ մրսելիս լիներ եւ ցանկացավ, որ սենյակի օդը տաքանա։

«Շատ չէ, այնքան, որ ո′չ մրսեմ, ո′չ շոգեմ», մտածեց ու եղավ այնպես, ինչպես կամենում էր։ Մտքի մի ծայրով անցավ հեռավոր մանկությունից մի պատառիկ, երբ հեռուստացույց կար եւ հեռակառավարման վահանակ, որով հնարավոր էր ընդամենը պատկերաձայնային այդ խղճուկ արկղը ղեկավարել։

Հիմա շատ բան է փոխվել կամ ամեն ինչ է փոխվել։ Ազդակները վաղուց մտովի են հաղորդվում եւ գործի գցում սարքավորումները, նաեւ մարդկանց եւ իրադարձությունները։ Ճիշտ է, դեռ մի քիչ դանդաղ է ստացվում, մտածելուց 3 վայրկյան անց, բայց դե ինչ արած, եթե հաշվի առնենք, որ միտքը նախ գրանցվում է Գլխավոր ցանկահսկիչարանում, մի թեթեւ վերաքննվում եւ ապա կա′մ ուղարկվում է կատարման, կա′մ առկախվում է՝ լրացուցիչ ստուգումների համար, կա′մ նետվում է երազանքադույլի մեջ։ Երեւի էլի նրբություններ կան այդ շղթայում, բայց իր ինչին է պետք իմանալ, հատկապես որ հումանիտար կրթություն է ստացել, չնայած արդեն չի էլ հիշում, թե «նիտար»-ն ինչ է, եւ ինչպես կարող է այն հում լինել։

Սենյակը բավական ջերմացավ, չէր հասկանում՝ մի՞թե շոգում է։ Կամ հագուստն է պետք փոխել, կամ, որ ավելի հեշտ է՝ մարմինը. սա ոնց որ թե մի քիչ մաշվել է ու … Լավ, դե ինչ եմ արդարանում, մի խոսքով, նոր մարմին կասեմ, թող լինի։

Նա մտովի պատկերացրեց-ուզեց եւ անմիջապես էլ հայտնվեց մի զովասուն անտառում, որտեղ կանաչը անչափելի կանաչ ու հյութեղ էր թվում, ծառերը՝ ամենասաղարթախիտը, մոտակա բացատի ծաղիկների բույրն էլ գրեթե խենթացնող պետք է լիներ… Հա, կարելի է այստեղ մի լա~վ հանգստանալ, որոշեց, ավելի ճիշտ՝ որոշելու որոշում կայացրեց, թեկուզ՝ 19 վայրկյան։

Միայն պետք է հիշել, որ երբ վերադառնա, մտազանգի որդու ուսումնառոբոտին.  ասում է՝ ինչ-որ տարօրինակ եւ մտահոգիչ բաներ է նկատում տղայի մոտ, հեռախոսա-տեսա-ձայնա-նկարահանման սարքից գրեթե չի օգտվում, իսկ որոշ ժամանակ առաջ նրան նույնիսկ տեսել են 1 վայրկյան երկնքին նայելիս, իսկական, կապույտ երկնքին…

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here