ԳլխավորԼուր

Ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ. ՊԲ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր  ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: