ԳլխավորԼուր

Չինաստանում 25 երեխաների թունավորած դաստիարակչուհին մահապատժի է ենթարկվել 

Չինական մանկապարտեզ

Չինաստանում մանկապարտեզի նախկին ուսուցիչ Վան Յունին մահապատժի են ենթարկել։ Այս մասին տեղեկացնում է tadviser.ru-ն։ Որոշումը կայացրել է Հենան նահանգի Ցզյաոզուո քաղաքի միջին ժողովրդական դատարանը։

Դաստիարակչուհին մանկապարտեզի 25 երեխաներին թունավորել էր նատրիումի նիտրիտով։

Ըստ The Paper-ի՝ Յունն աշխատում էր Մենգմենի մանկապարտեզում, որտեղ կոնֆլիկտ է ունեցել միջին խմբի դաստիրակչուհիներից մեկի հետ՝ Սուն անունով։ Ցանկանալով վրեժխնդիր լինել՝ 2019 թվականի մարտի 27-ին նա այդ կնոջ խմբի երեխաների համար նախատեսված շիլայում ավելացրել է նատրիումի նիտրիտ։ Արդյունքում 25 երեխա հայտնվել է բուժհաստատությունում։ Բժիշկները նրանցից 21-ի մոտ արձանագրել են ծանր թունավորում, իսկ մեկ երեխա ավելի ուշ մահացել է։

Գործը հարուցվել է 2019թ.-ին։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Յունը նատրիումի նիտրիտ է օգտագործում՝ «կոնֆլիկտային իրավիճակ կարգավորելու» համար։ Մասնավորապես, նա 2017 թվականին կենցաղային հողի վրա վիճաբանել է ամուսնու հետ։ Նրանից վրեժ լուծելու համար նա ինտերնետի միջոցով գնել է նատրիումի նիտրիտ և այն ավելացրել ջրի մեջ, որն այնուհետև խմել է ամուսինը: Դա հանգեցրել է թունավորման, սակայն տղամարդու առողջությանը լուրջ վնաս չի հասցվել։

Նշվում է, որ տուժած երեխաների ծնողները չեն ընդունել նախկին ուսուցչի ներողությունը։

Առաջին ատյանի դատարանը ի սկզբանե Վան Յունին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ վտանգավոր նյութեր օգտագործելու և դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու հանցագործությունների համար։ Սակայն հետագայում հանրային ճնշման տակ դատավճիռը փոխվեց մահապատժի։ Ավելի ուշ կինը բողոքարկել է որոշումը, սակայն Հենանի նահանգի բարձրագույն ժողովրդական դատարանը մերժել է բողոքը: Արդյունքում պատիժն ի կատար է ածվել։