ԳլխավորԼուր

Արցախում մանկապարտեզի տնօրենը թխվածք է պատրաստել երեխաների համար

Մանկապարտեզի տնօրենը թխվածք է պատրաստել երեխաների համար (Արցախ, Ստեփանակերտ)

Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանն է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղահրամանյանը:

«Երեխաների` թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։

Եկե’ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։

Պաշարված Արցախ։ Օր 242»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։