ԳլխավորԼուր

Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանողն ազատ են արձակվել

Ալեն Սարգսյան, Վահե Հովսեփյան և Լևոն Գրիգորյան

Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանող–ֆուտբոլիստները՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը ազատ են արձակվել, հայտնում է ՀՀ ԱԱԾՆ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին  (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)»,-նշում են գերատեսչությունից։

Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։

Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։

Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնեց, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։