Եռագույնը խորհրդանշող երեք ճակատ, մեկ կարգախոս՝ հզոր ենք, երբ միասին ենք: 8-րդ անգամ մեկնարկել է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը: Մասնակցում են 200 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից:
Միջոցառմանը եռագույնը խորհրդանշող ճակատները կրում են ականավոր հայերի անուններ: Այս տարի կարմիր ճակատն անվանակոչվել է Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի, Կապույտ ճակատը՝ պետական գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, նարնջագույնը՝ ֆիզիկոս, աստղագետ Գրիգոր Գուրզադյանի պատվին:
Միջոցառման հանդիսավոր մեկնարկին, ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ նշել է միջոցառման կարևորությունը, ընդգծել՝ միասնությունը ուժ է, միասնական լինելը՝ մտածողություն:
Նա երիտասարդներին մաղթել է, որ առաջիկա շաբաթում պայքարեն միասնության լավագույն օրինակը դառնալու համար:
Հավաքի ընթացքում անցկացվելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներ, կորոշվի լավագույն ճակատը: Կլինեն նաև հանդիպումներ, քննարկումներ հասարակական, պետական, քաղաքական գործիչների հետ: