ԳլխավորԼուր

Հանքավանում 8-րդ անգամ մեկնարկել է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական հավաքը

Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական հավաքը

Եռագույնը խորհրդանշող երեք ճակատ, մեկ կարգախոս՝ «Հզոր ենք, երբ միասին ենք»: Հանքավանում 8-րդ անգամ մեկնարկել է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ու ռազմահայրենասիրական հավաքը՝ շուրջ 200 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից:

«Միասնության ուժը» ռազմահայրենասիրական միջոցառումը հիմնադրվել է 2015 թվականին և բովանդակային իմաստով էապես նվիրված է Արցախյան ազատամարտերում հերոսական սխրանքներ գործած հայորդիներին և հայ ազգի վաստակավոր գործիչներին։ Միջոցառմանը եռագույնը խորհրդանշող ճակատները կրում են ականավոր հայերի անուններ:

Այս տարի եռագույնի կարմիր գույնը խորհրդանշող ճակատը կրում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր, քաղաքաշինարար, ինչպես նաև ՀԱՊՀ առաջին մասնաշենքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Եռագույնի կապույտ գույնը խորհրդանշող ճակատը կրում է Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, հայագետ և Հայաստանի ազգային հերոս Վազգեն 1-ին Բուխարեստցու անունը։

Եռագույնի նարնջագույն գույնը խորհրդանշող ճակատը կրում է ազգագրական պարերի մասնագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, մասնագիտությամբ կիբերնետիկ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի անունը:

Գոռ Վարդանյանը ողջունում է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական հավաքի մասնակիցներին
Գոռ Վարդանյանը ողջունում է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական հավաքի մասնակիցներին

Միջոցառման հանդիսավոր մեկնարկին, ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ նշել է միջոցառման կարևորությունը, ընդգծել՝ համախմբվել միասնության ուժի ներքո, նշանակում է առաջնորդվել արժեքներով, որ կրում է յուրաքանչյուր ճակատ:

«Առաջին հայացքից դժվար թվացող այս միջոցառումը, երբ պլանավորում էինք հիմնադրել դեռևս 2015-ին, հարց էր առաջանում՝ իր կենսունակությամբ քանի տարի կարող ենք իրականացնել։ Եվ այսօր դուք ականատեսն եք՝ տարբեր բուհերի լուսավոր երիտասարդներ նորից հավաքվել են նույն գաղափարի շուրջ։ Եվ պետք է արձանագրել՝ շուրջ 2000 երիտասարդ արդեն եղել է Հանքավանի մեր գողտրիկ կենտրոնատեղիում»,-ողջույնի խոսքում նշել է ռեկտոր Գոռ Վարդանյանը:Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական հավաքը

ՀԱՊՀ ռեկտորը նաև կարևորել է, որ մեր երկրում երիտասարդները համատեղ ջանքերով առաջ են մղել միասնության ուժի գաղափարը։

«Առանց մշակութային հենքի, առանց հոգևոր ներկայության, առանց արժեքային համակարգի հնարավոր չէ լինել միասնական։ Միասնության ուժը ինքնանպատակ հզորություն չէ։  Միասնության ուժը դա արժեքների, մտածողության, փոխադարձ հարգանքի, մեր կրոնական, մշակութային հիմքերը ամուր պահելով  ձևավորված ուժն է։  Ձեզ ուժ՝ միասնության, հաղթանակներ՝ միասնության», – եզրափակել է Պոլիտեխնիկի ռեկտորը։

Հավաքի ընթացքում անցկացվելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներ, կորոշվի լավագույն ճակատը: Կլինեն նաև հանդիպումներ, քննարկումներ հասարակական, պետական, քաղաքական գործիչների հետ: