ԳլխավորԼուր

Արթուր Մարտիրոսյանը դիպլոմներ է հանձնել Պոլիտեխնիկի շրջանավարտներին

Արթուր Մարտիրոսյանը դիպլոմներ է հանձնել Պոլիտեխնիկի շրջանավարտներին

2023-ը հոբելյանական է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համար. ՀԱՊՀ-ն ինժեներական ու տեխնոլոգիական մասնագիտացումներով ճանապարհել է 90-րդ շրջանավարտներին: 90 տարում ինժեներական կառույցը թողարկել է շուրջ 130 հազար շրջանավարտ: Այս տարի համալսարանը ավարտել է ևս 909 ուսանող, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հուլիսի 12-ի հոբելյանական երեկոյին ՀԱՊՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք է հղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և Պոլիտեխնիկը բարեփոխումների առաջամարտիկների թվում է:

Փոխնախարարի խոսքով՝ այսօր աշխարհում աննախադեպ զարգացող տեխնոլոգիաները և ճարտարագիտությունը պահանջում են մշտական նորարարություն և ժամանակի մարտահրավերներին արձագանքելու համար շարունակական ուսուցում, և բուհ ավարտելը մասնագիտական այլ ձեռքբերումների նոր սկիզբն է: Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել շրջանավարտներին մինչև կյանքի վերջ կրթվել և կատարելագործվել:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին երկու տարում կրթական որակական փոփոխություններ են տեղի ունեցել համալսարանում: Նա համոզմունք է հայտնել, որ մի քանի տարի հետո համալսարանը կարող է մրցել նվազագույնը տարածաշրջանի լավագույն բուհերի հետ:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի դիտարկմամբ՝ համալսարանի հիմնական ձեռքբերումը մարդկային ինտելեկտուալ այն արժեքն է, որը տարիների ընթացքում ակադեմիական համայնքի, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, գործընկների աշխատանքի արդյունքում Պոլիտեխնիկը մշակում, ձևավորում և բաց է թողնում մասնագիտական աշխատաշուկա:

Տոնական օրը պարգևներ են հանձնվել համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի աշխատակիցներին, որոնք նոր արժեք են ստեղծում տեխնոլոգիական կառույցում:

Երեկոն ավարտվել է «Լադա նիվա» խմբի համերգով։

Պոլիտեխնիկի շրջանավարտները (2023)