ԳլխավորԼուր

Այս տարվանից դպրոցների գերազանցիկ շրջանավարտները մեդալ չեն ստանա. ԿԳՄՍՆ

Պարգևատրվել են դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտները

Այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Պատճառը «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխություններն են։

Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:

Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը:

Հիշեցնենք, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին:

Արխիվային լուսանկար