ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և զարգացնելով նորարարական մտածելակերպ։ «42 Երևանը» հանդիսանում է «Հայաստանում ԵՄ Թումո կոնվերգացիոն կենտրոնի» գործունեության առանցքային բաղադրիչներից մեկը: Կոնվերգացիոն կենտրոնը, որն իրականացվում է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» կողմից, մաս է կազմում «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:
«42 Երևանը» ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլի, Ռիո դե Ժանեյրոյի, Մոսկվայի, Ամստերդամի և աշխարհի 26 այլ քաղաքների ծրագրավորման կենտրոններ: Երևանը ծրագրին միացել է 2020 թվականին՝ աշխատաշուկայի համար ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ապահովելու առաքելությամբ: Կենտրոնը բաց է օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ ուսուցման ծրագրի ժամանակացույցը կազմվում է սովորողի ընտրությամբ: