Աշխարհում տարեկան 8 մլն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման, 1 մլն մարդ էլ մահանում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով։ Սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան նշեց, որ ժամանակի հետ փոխվում են մարտահրավերները, ծխախոտ արտադրող ընկերություններն ավելի ակտիվ են աշխատում, թիրախավորում են նոր սերնդին։ Այդ ուղղությամբ պետությունները, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, հասարակության ներգրավմամբ պետք է ակտիվ աշխատանք կատարեն։
«Լայն աշխատանք պետք է տարվի իրազեկման ուղղությամբ։ Հատկապես նոր սերունդը պետք է իմանա, որ ծխախոտի օգտագործումը 20 տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Տեսնում ենք, որ այսօր ծխախոտային տարբեր արտադրանքի հսկայական աճ է գրանցվել, աշխարհում 13-15 տարեկան 37 մլն երեխա ծխախոտ է օգտագործում, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Սիդարթա Սանկար Դատտան
Ներկայացնելով հայաստանյան ցուցանիշները՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ չափահաս մարդկանց շրջանում ծխողների թիվը 27 տոկոս է կազմում, ինչն ավելի վաղ ունեցած ցուցանիշներից առանձնապես չի տարբերվում։ ՀՀ կառավարությունը, պատկան մարմինները տարբեր ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում։ Մինչ այս եղել են հարկային փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել ծխախոտի գնի վրա։ Դրանից բացի հանրային վայրում ծխելու արգելքն է ուժի մեջ մտել, վաճառքի կետերում արգելվել է ծխախոտը բաց վիճակում վաճառելը։
Հավելենք, որ մայիսի 31-ն նշվում է Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։