ԳլխավորԼուր

Սոցցանցերը ռիսկային են դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում. ահազանգում են մասնագետները

Երևանի 12 հանրակրթական դպրոցի բարձր դասարաններում անցկացվել են  դասընթացներ դեռահասների շրջանում կախվածությունների կանխարգելման վերաբերյալ: Շահառուներն ուսուցիչներն էին ու ծնողները: Դասընթացներն անցկացվել են «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանը նշեց, որ այս ոլորտում խնդիրները խորն են ու բազմաթիվ ուղղություններով՝ թմրանյութեր, ալկոհոլ, ծխախոտ և այլն:

«Հասարակությունը դժվար է ընդունում կախվածության հետ կապված խնդիրը: Հիմնականում մտածում են, որ չունեն նման խնդիր: Այնինչ՝ դեռ մեկ տարեկան հասակից երեխային կապում ենք սմարթֆոնների հետ, հետագայում՝ վաղ տարիքից` սոցիալական ցանցերի: Շատ դեպքերում ծնողների կողմից վերահսկողություն չկա, թե երեխաները ինչով են հետաքրքրվում, տեղեկատվության ինչ աղբյուր ունեն: Այն ինչ այսօր սոցիալական ցանցերը դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում մեծ ռիսկեր են պարունակում: Սոցիալական ցանցերում գործում են նարկոշոփեր»,-ասաց Ռուզաննա Երեմյանը:

Ծրագրի շրջանակում 9 հազարից ավելի ծնողի հետ աշխատանք է տարվել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Հարությունյանը նշեց, որ մասնակիցների արձագանքը խոսում է այն մասին, որ այն տալիս է իր արդյունքները:

«Երբ դպրոցների տնօրենները ծանոթացան վիճակագրական տվյալներին, իրենք ևս նախանձախնդիր էին, որ իրենց դպրոցում կազմակերպվի դասընթացը: Ապրիլի, մայիս, հունիս ամիսներին եղան այդ հանդիպումները, և աշխատանքներ իրականացվեցին 9-12 րդ դասարանի աշակերտների ծնողների հետ: Հանդիպումներից հետո բավական մեծ էր զանգերի թիվը, մարդիկ սկսել էին անդրադառնալ իրենց երեխայի վարքագծին»,-ասաց Ելենա Հարությունյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ իրենց կենտրոնում այս պահին հաշվառված երեխա, որը թմրամիջոցներից կախվածություն կունենա, չկա: Նման դեպքերի ավելացում նկատվում է հետդպրոցական, ուսանողական շրջանում: Սուրեն Նազինյանը նշեց, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում իրական պատկերը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը խուսափում են դիմել բժշկական հաստատություն: Վերջին ուսումնասիրությունները դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման հետ կապված արվել են 2007 թվականին:

«Ըստ 2007-ի տվյալների, դեռահասների շրջանում թմրանյութերի փորձերը քիչ են եղել: Օրինակ, հերոինի օգտագործումը 0.2 տոկոս, մինչև մեկ տոկոս մարիխուանայի գործածում և այլն: Այսօր վստահ եմ, որ այդ թվերն այլ են լինելու: Այն ժամանակ համացանցն այսպես հասանելի չի եղել, հիմա այլ պատկեր է»,-ասաց Սուրեն Նազինյանը:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում ամենակարևոր շեշտադրումը եղել է այն, որ կախվածությունը հիվանդություն է: Ըստ նրա՝ պետք է կոտրել կարծրատիպերը հասարակության շրջանում և նպաստել, որ խնդիրների դեպքում նրանք հանգիստ դիմեն մասնագետների:

«Շատ լավ գիտեք, որ հասարակությունում պիտակավորված են կախվածություն ունեցող անձինք: Ծնողների հետ մեր հանդիպումների առանցքում այն էր, որ կարողանան ճիշտ պայքարել, ավելի չդրդեն, որ երեխան հեռանա իրենցից: Մենք զրույցների ընթացքում որոշների մոտ տեսնում էինք այդ տագնապը: Շատերը հետո մոտենում էին կոնտակտներ, մասնագետների խորհուրդ էին խնդրում»,-ասաց Իլոնա Հովհաննիսյանը:

Comment here