ԳլխավորԼուր

6 ամսից կարգելվի սրճարաններում ծխելը. Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է, հիշեցնում են Առողջապահության նախարարությունից: 17 տարի առաջ` հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որին ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար:

Նախորդ տարի Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են Կոնվենցիայի պահանջներին:

2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:

Օրենքի հիմնական դրույթները ստորև.

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.

• 18 տարին չլրացած անձանց,

• ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,

• բաց տուփով կամ հատով վաճառքը,

• թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա,

• արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը,

• արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը:

Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում`

• բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում ուսումնական հաստատություններում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,

• համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,

• պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,

• պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,

• վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,

• հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ,

• hյուրանոցային տնտեսության օբյեկտներում,

• աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,

• առևտրի կենտրոններում,

• հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում,

• ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:

Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

2022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է`

• հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում,

• ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում

2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:

Հիշեցնենք, որ օրենքի դրույթներն ուժի մեջ աստիճանաբար մտնելու նպատակը հանրությանը և տնտեսվարողներին ժամանակ տալն է ու դրան պատրաստվելը:

Comment here